Մեկնաբանություն

25.09.2011 12:16


Մեդվեդեվը հրաժարվեց 2–րդ ժամկետից, տարոսը Սերժ Սարգսյանին

Մեդվեդեվը հրաժարվեց 2–րդ ժամկետից, տարոսը Սերժ Սարգսյանին

Եվ այսպես, Մոսկվայում որոշեցին վերջ դնել հոգեբանական էքսցեսներին ու հանրությանը ներկայացնել իշխանական թիմի նախագահի թեկնածուին (փաստացի՝ ՌԴ հաջորդ նախագահին), ով, ինչպես և սպասվում էր, Վլադիմիր Պուտինն է։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի շրջապատում կրեմլյան առաջիկա փոփոխությունները լուրջ պանիկա են առաջացրել։ Այդ պանիկան դրսևորվեց նախևառաջ լրատվական դաշտում։ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի վերահսկողության տակ գտնվող «լևոնական» մամուլի միջոցները, վարձկան «տեխնոլոգների» և «քաղաքական դրածոների» շուրթերով, հիմա շտապում են տարածել, թե Մեդվեդեվի հեռացումը և Պուտինի գալը չի ազդի ներհայաստանյան քաղաքական զարգացումների վրա։ Նման տեսակետներ ներկայացնելով՝ «ազատ, բայց սերժատու» մամուլն այժմ հայտնվում է, մեղմ ասած, անհարմար վիճակում, քանի որ նրանք ընկնում են իրենց իսկ լարած քարոզչական թակարդը՝ ակամայից ջղաձիգ շարժումներ անելով ու մատնելով սեփական անհանգստությունը։

Բանն այն է, որ սկսած 2008 թվականից, երբ Բաղրամյան 26–ում հայտնվեց Սերժ Սարգսյանը, նույն այդ «սերժատու» կամ «լևոնական» լրատվամիջոցները, «նախաձեռնող» նախագահի PR–ն անելիս ու նրա դիրքերի ամրությունը հիմնավորելիս, մի սխեմա էին ներկայացնում հայ ժողովրդին, ըստ որի՝  Մեդվեդեվը կգնա իր նախագահության երկրորդ ժամկետին ու քանի որ դա պրոյեկտվելու է նաև ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի վրա, ուստի Սերժ Սարգսյանն էլ կպաշտոնավարի մինչև 2018 թվականը, իսկ 2018–ից հետո արդեն նախագահականի ջահելությունն իր ձեռքը կվերցնի իշխանությունը՝ «հորից «որդի»» ծրագրի շրջանակներում։

«Սերժն ու Մեդվեդեվը իրար հետ լավ են ու երկուսն էլ շարունակելու են պաշտոնավարել, իսկ Պուտինը հետ չի գալու» խորագրի ներքո քարոզ տանող «սերժատու» կայքերն ու թերթերը, նախագահականի հրահանգով գործելով, «տակից» հակաքարոզչություն էին անում Վ. Պուտինի դեմ և շատ հաճախ հակապուտինական արշավը վերածվում էր հակառուսական հիստերիայի, որը նույնպես Բաղրամյան 26–ի կողմից էր խրախուսվում, քանի որ «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրերը թուրքական վեկտորն էին ընտրել։

Եվ հիմա, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանում իշխանությունը կրկին իրենց ձեռքն են ամբողջացնում ազգային ուժերը, որոնց աշխարհաքաղաքական շահերին համահունչ են ՀՀ ազգային շահերը (Ղարաբաղի հարցի տարանջատում հայ–թուրքական հարաբերություններից, Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանում և այլն), տնաբույծ «ֆուտբոլասերները» իրար են խառնվել ու նկատենք, որ իրար խառնվելու համար  լուրջ պատճառներ ունեն։

Գաղտնիք չէ, որ ՌԴ ներկա վարչապետի և ուժային շրջանակների կողմից այդպես էլ ընդունելության չարժանացավ տերպետրոսյանական «մաստի» քիրվայության ուղին բռնած Սերժ Սարգսյանը։ Խոսքն արարողակարգային ընդունելության կամ պաշտոնական շփումների մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ Ս. Սարգսյանի հանդեպ պուտինական շրջանակները ընդգծված սառնություն ցուցաբերեցին այս երեք տարիների ընթացքում և դա է պատճառը, որ Սարգսյանի թիմն այժմ փորձում է դուրս գալ իր իսկ քարոզչական թակարդից՝ ասելով, թե Պուտինի գալը ոչինչ չի փոխելու Հայաստանում, այնինչ ոչ վաղ անցյալում ճիշտ հակառակն էին գրում ու հետն էլ եզրակացնում, թե քանի որ Պուտինը չի գա, իսկ Մեդվեդեվն էլ կմնա, հետևաբար «ընդմիշտ Սերժ»։ Ինչպես ասում են՝ «քաշվան» կամ «պռաֆանուլիս»։ Ոչինչ, այդպես էլ է պատահում։

Անշո՛ւշտ, Հայաստանի ճակատագիրը ՀՀ քաղաքացիներս ենք որոշելու և Մոսկվայում կամ Բրյուսելում չի վճռվելու մեր ներքաղաքական զարգացումների ելքը, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ Հայաստանն աշխարհից կտրված չէ։

Այն, որ Սերժ Սարգսյանը խայտառակ արտաքին ու ներքին քաղաքականություն վարելու համար պետք է հեռացվի նախագահական նստավայրից՝ Պուտինի ու մյուսների գործը չէ։ Դա պետք է անի Հայաստանի քաղաքացին։ Իսկ Պուտինի հետ կապված գործընթացին և սերժականների այժմյան պահվածքին անդրադարձա՝ ցույց տալու համար նախագահական նստավայրի ու «սերժատու» լրատվամիջոցների գաղափարական ու քարոզչական սնանկությունը, ստրկամտությունը։

Չեմ կասկածում, որ «սերժատու» լրատվամիջոցների մոտ, նույն Բաղրամյան 26–ի հրահանգով, հիմա կսկսվի Պուտինի հանդեպ քծնանքի մի այնպիսի գործընթաց, որի համեմատ «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում Գյուլի հանդեպ ցուցաբերած նրանց քծնանքը նախավարժանք կթվա։ Բայց միևնույն է, ինչպես «սերժատուներն» էին մի ժամանակ գրում, Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեվի «նապառնիկն» է և, հետևաբար, դատելով իրադարձությունների ընթացքից, 2–րդ ժամկետ մեր «ճկուն» նախագահին չի սպասվում։ Hasta la vista!

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը