Լրահոս

01.01.2023 15:42


Երևանում թիվ 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, քաղաքացին հայտնվել է անիվների տակ և տեղում մահացել

Երևանում թիվ 99 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, քաղաքացին հայտնվել է անիվների տակ և տեղում մահացել

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմանում Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այս պահին հատուկ տեխնիկաների միջոցով փորձում են ավտոբուսը բարձրացնեն, որպեսզի դին տակից դուրս բերեն։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացածը ավտոբուսի վարորդն է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսը կայանված է եղել, և վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել ու վրաերթի է ենթարկել քաղաքացուն։ Այս տեղեկությունը նույնպես իրավապահները պարզում են։

Այս խորագրի վերջին նյութերը