Աշխարհ

10.01.2023 19:08


Բելառուսում 6 ամսից ուժի մեջ կմտնի օրենք, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել ծայրահեղականության համար

Բելառուսում 6 ամսից ուժի մեջ կմտնի օրենք, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել ծայրահեղականության համար

Բելառուսի Ազգային իրավական ինտերնետային հարթակում հրապարակվել են «Բելառուսի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ծայրահեղական գործունեությանը մասնակցելու և պետության շահերին զգալի վնաս պատճառելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։ Օրենքն ընդունվել է հունվարի 5-ին: Օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած անձը կարող է զրկվել Բելառուսի քաղաքացիությունից, եթե առկա լինի դատարանի՝ օրինական ուժ ստացած դատավճիռ (բելառուսական կամ արտասահմանյան), որը «հաստատում է այդ անձի մասնակցությունը ծայրահեղական գործունեությանը կամ նրա կողմից Բելառուսի Հանրապետության շահերին զգալի վնաս պատճառելը»:

Քաղաքացիությունից կարող են զրկվել նաև Բելառուսի սահմաններից դուրս գտնվող անձինք։ Քաղաքացիությունից կզրկվեն նաև այն անձինք, որոնք օտարերկրյա պետությունում անցել են զինվորական ծառայության, ոստիկանությունում, անվտանգության, արդարադատության կամ այլ պետական ​​մարմիններում ծառայության։

Ըստ օրենքում փոփոխությունների՝ Բելառուսի քաղաքացիություն ձեռք բերող անձինք պարտավոր են երդում տալ: Երդումից հրաժարվելը հիմք կհանդիսանա համապատասխան որոշումը չեղարկելու համար։

Փաստաթուղթը նաև Բելառուսի քաղաքացիներին պարտավորեցնում է տեղեկացնել իրավասու մարմիններին օտարերկրյա պետության քաղաքացիության, օտարերկրյա պետությունում կեցության իրավունքի կամ այլ փաստաթղթի առկայության մասին, որն իրավունք է տալիս արտոնություններ և առավելություններ ստանալ տվյալ պետությունում: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի «համապատասխան փաստաթղթերը ստանալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում»:

Այս խորագրի վերջին նյութերը