Աշխարհ

16.01.2023 16:32


Հունվարի 17-ից Արցախն անցում կկատարի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի

Հունվարի 17-ից Արցախն անցում կկատարի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 16-ին տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում:

«Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի, միաժամանակ, շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ամբողջ Հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

Այս խորագրի վերջին նյութերը