Լրահոս

17.01.2023 19:19


Դժվարություններն ավելանում են, երբեմն մտածում եմ արտադրամասը փակելու մասին․ Արցախում հացի արտադրամասի տնօրեն

Դժվարություններն ավելանում են, երբեմն մտածում եմ արտադրամասը փակելու մասին․ Արցախում հացի արտադրամասի տնօրեն

Արցախի շրջափակումից առաջ օրական մոտ 800 հաց թխող Ալվարդ Գաբրիելյանի հացի արտադրամասը վերջին օրերին հազիվ կարողանում է թխել մոտ 350 հաց։ Ասկերան քաղաքում գործող արտադրամասի համար լուրջ բարդություններն են առաջացնում գազի եւ հոսանքի հաճախակի անջատումները։

NEWS.am-ի հետ զրույցում տիկին Ալվարդը պատմեց, որ հոսանքի հովհարային անջատումների սկսվելուց հետո ստիպված է լինում հիմնականում աշխատել գիշերները՝ երբ հոսանքազրկումները չկան կամ քիչ են։

«Այսօր ժամը 10-ից լույսերն անջատել են մինչեւ ժամը 12-ը, երեկոյան էլ ժամը 6-ից մինչեւ 8-ն են անջատելու։ Այդ ընթացքում հաց պատրաստելը շատ բարդ է։ Հոսանքով աշխատող սարքը խմորը հունցում է, ուռելու համար անհրաժեշտ է լինում մեկ ժամը, հետո խմորը պետք է լինում գնդել ու կրկին մեկ ժամ սպասել, հետո նոր պատրաստել։ Այդ կարճ ժամանակում հարյուրավոր հացեր թխելը շատ դժվար է լինում։ Հիմա էլ գազն են անջատել, մենք էլ սարքերի ջուրը գազով ենք տաքացնում, փոխում ենք հոսանքի ռեժիմի, այդ ժամանակ էլ հոսանքն են անջատում։ Դժվարություններն ավելանում են, երբեմն մտածում եմ արտադրամասը փակելու մասին, արդեն հոգնել եմ, բայց հետո էլ մտածում եմ՝ բա բնակիչներն ի՞նչ անեն, ախր, միշտ ամենադժվար ժամանակներից դուրս ենք եկել»,-ասաց Ալվարդ Գաբրիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը