Լրահոս

18.01.2023 14:38


«Վլադիմիրն ասում էր՝ հասնեմ Ստեփանակերտ, մեր հողը համբուրելու եմ». մանրամասներ՝ երեխաների՝ Արցախ վերադարձից

«Վլադիմիրն ասում էր՝ հասնեմ Ստեփանակերտ, մեր հողը համբուրելու եմ». մանրամասներ՝ երեխաների՝ Արցախ վերադարձից

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեկ երեկոյան Արցախ վերադարձած երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է մեքենայի մեջ, երբ ադրբեջանցիների՝ մեքենայի դուռը բացելուց հետո իրարանցում է առաջացել։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը շրջափակման հետեւանքով Գորիսում էր մնացել եւ երեխաների հետ երեկ վերադարձել է Արցախ, մանրամասներ պատմեց միջադեպից։

«Ճանապարհի ընթացքում, երբ դուռը թակում էին, ես էի ներսից բացում, բայց այնպես էր ստացվել, որ դուռը երեւի լավ չէի փակել, ու հենց հասանք «էկոլոգ» կոչվածների մոտ, դրանք դուռը բացեցին, գլուխներն ու կամերաները մտցրին ներս ու նկարեցին։ Ռուսներն իսկույն հետ շպրտեցին դրանց եւ դուռը փակեցին։ Երկար սպասելու պատճառով մտածում էինք, որ հնարավոր է հետ դառնանք, երեխաներին հանգստացնում էի, ասում էի՝ եթե ռուս խաղաղապահները վստահեցրել են, որ մեզ տանելու են, ուրեմն խուճապի մատնվելու կարիք չկա, ներքուստ այդ հանգստությունն ունեի։ Այդ իրարանցման պատճառով աղջիկներից մեկը վատացավ, ջուր տվեցինք, կարճ ժամանակ անց արդեն ինքնազգացողությունը լավացավ։ Երեխաներն ասում էին՝ ամեն ինչ կհաղթահարենք, միայն թե տուն հասնենք։ Հենց Շուշիի ճանապարհն անցանք ու Ստեփանակերտի լուսավորությունը նկատեցինք, երեխաները ցնծացին, ծափահարում էին։ Տղաներից Վլադիմիրն ասում էր, որ հասնեմ Ստեփանակերտ, մեր հողը համբուրելու եմ, շատ ոգեւորված էին երեխաները»,–պատմեց Աիդա Գյանջումյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 17–ին, ծնողական խնամքից եւ ընտանիքից կտրված 19 երեխա վերադարձել է տուն։

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով մոտեցել են մեքենային եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

«Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետեւանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետեւ, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ–ը։

Այս խորագրի վերջին նյութերը