Լրահոս

18.01.2023 16:50


Արցախում բավականին ապրանքատեսակներ խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են

Արցախում բավականին ապրանքատեսակներ խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են

Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ ցորենի և ալյուրի խնդիր չկա: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցոում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը:

«Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Այս պահին փորձում ենք պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրել խանութներին, պահպանվում է մատակարար-հիմնադրամ կապը: Ամեն կերպ փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի կարողանանք հավասար բաշխել պարենը մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հ. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են գարնանացանի, բանջարաբոստանային մշակության համար նախատեսված սերմեր:

«Դրանք խանութներում արդեն կան: Պակասն անպայման կլրացնենք պահուստային ֆոնդից, ցանկերն արդեն վերցրել ենք: Փորձելու ենք ամեն կերպ կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Այս պահին ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է: Չեմ կարող հստակ ասել, թե պահուստային ֆոնդի շնորհիվ ինչքան աշխատանքներ կկարողանանք իրականացնել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի ցանքսը հնարավորինս շատ կատարվի»,-հավաստիացրել է նախարարը:

Անդրադառնալով տեղական մսի արտադրության հարցին՝ Հ. Սաֆարյանն հայտնել է, որ կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում:

«Խնդիրը պայմանավորված չէ նրանով, որ տավարի միս չկա, ուղղակի ճիշտ չէ անասունները մորթել այս ժամանակահատվածում, որը հետագայում մի ուրիշ խնդիր է առաջացնելու: Առկա է նաև անասնակերի պակաս, որի որոշակի մասը ներկրվում էր Հայաստանից: Այս պահին քիչ է նաև կաթը, որը սեզոնային բնույթ է կրում. գարնանը կաթնատվությունը կբարձրանա»,- եզրափակել է գերատեսչության ղեկավարը:

Այս խորագրի վերջին նյութերը