Հարցազրույց

27.09.2011 10:29


Թորոս Սեֆիլյան.

Թորոս Սեֆիլյան.

Հարցազրույց լիբանանահայ Թորոս Սեֆիլյանի հետ

Ասում են, թե ՄԱԿում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո Սփյուռքը համախմբվել է նրա շուրջ և ամբողջությամբ աջակցում է նրան։ Միանշանակ նման բան կարելի՞ է ասել։

–Ասում են։ Քաղաքական դաշտում շատ բաներ են ասում, բայց նայած՝ ով է ասում և ինչի համար է ասում։ Ես անձամբ, անկեղծ ասած, նման բան չեմ լսել, ոչ էլ տեղյակ եմ։ Ես շատ ավելի հեշտությամբ կհավատայի նման «ասում են»–երին, երբ Սփյուռքն իրապես համախմբված լիներ, անշուշտ, գործնական առումով։

Հայթուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակաշրջանում Սփյուռքը բավական կոշտ ընդունեց Սերժ Սարգսյանին, անգամ բողոքի բազմամարդ գործողություններ տեղի ունեցան, և վիրավորական արտահայտություններ հնչեցին նրա հասցեին։ Այժմ այդ տրամադրությունները պահպանվո՞ւմ են։

–Նախքան վիրավորական արտահայտություններ հնչեցնելը Սփյուռքն արդեն իսկ վիրավորված էր։ Սփյուռքն արդեն իսկ վիրավորված էր հայ–թուրքական հարաբերությունների հաստատման ձևից անգամ՝ անտեսված, վարկաբեկված զգալով մինչև իսկական արյուն թափելը օտար երկրների փողոցներում։ Ինչպես շատերը, ես նույնպես շատ կուզենայի, որ մեր երկրի նախագահն ընդունվեր մեր սփյուռքահայերի ուսերի վրա, ոչ թե բջջային հեռախոսները նրա ավտոմեքենայի վրա նետելով։ Ես շատ կուզենայի, որ մեր երկրի նախագահը նախ սփյուռքահայերից շքանշանը ստանար, ինչը նշանակում է՝ մեջքդ ամուր, հետո նոր Նյու Յորքում արժանանար «Էլիս այլընդ» պատվո շքանշանին։ Տակավին սփյուռքահայության վերքը չի բուժվել, և այժմ այդ տրամադրությունները մնում են ու միշտ կմնան։

Սփյուռքահայերին առաջին հերթին ի՞նչն է անհանգստացնում Հայաստանում առկա իրավիճակից։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ապագա Հայաստանի կերտման համար։

Սփյուռքահայությանն առաջին հերթին անհանգստացնում է ոչ ազատ ապրելաձևը բառի բուն իմաստով։ Տարիների մեր դաստիարակությունն այն երազն է եղել, որ պետք է ունենալ ազատ, անկախ Հայաստան։ Ադյոք ունե՞նք։ Այսօր ո՛չ։ Բայց ինչո՞ւ պետք է չունենայինք մինչև այսօր. մեզ ի՞նչ է պատահել, ի՞նչն է պակաս, որ հարկ եղած ձևով չկարողացանք կերտել մեր փոքրիկ Հայաստանը։ Անշուշտ, պատճառները շատ են։ Միշտ էլ եղել են, բայց այս վերջին տարիներին մի քիչ շատացել են հրապարակի «փիլիսոփաները», յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելով տեսնում է իբրև թե ճիշտը և ոչ թե երկրորդին կամ երրորդին։ Այսօր քչերը կան, լինի հայրենիքում կամ Սփյուռքում, որ լուրջ բաներ են ասում։ Գալով փոփոխությունների հարցին.

  1. Բոլորիս պատկանող ազգային մտածողություն. նվազագույնը բոլորս պետք է դրա մասնակիցը լինենք, լինի ներսի, թե դրսի հայ։
  2. Շատ արագ ձևով հաղթահարել արտագաղթը։
  3. Շատ արագ ձևով մտածել և կյանքի կոչել ներգաղթը։
  4. Լինենք անկեղծ և թափանցիկ մեր գործերում, ապրենք և մնացած հարցերի պատասխաններն էլ շատ հեշտ կգտնենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը