Լրահոս

19.01.2023 11:25


Հայաստանում այս պահին կա ավելի քան 250 արցախցի երեխա, 70-ը՝ առանց ծնողական խնամքի․ Արցախի ՄԻՊ․ «Հրապարակ»

Հայաստանում այս պահին կա ավելի քան 250 արցախցի երեխա, 70-ը՝ առանց ծնողական խնամքի․ Արցախի ՄԻՊ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից կտրված` Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են։ Հիշեցնենք, որ նրանք Հայաստան էին ժամանել առանց ծնողների՝ մանկական Եվրատեսիլին մասնակցելու, և դեկտեմբերի 12-ին փակված ճանապարհի պատճառով մնացել էին Գորիսում։ Նախօրեին ռուսական կողմի միջնորդությամբ երեխաները Գորիսից մեկնել են Արցախ, սակայն ճանապարհն անխոչընդոտ չի եղել՝ ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրիչ գործողությանը՝ դիմակավորված ադրբեջանցիները բարձրացել են ավտոբուս, ինչից երեխաները վատ են զգացել:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են էկոակտիվիստ ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, երեխաներին տեղափոխող ավտոմեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, որոնցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Իրարանցման հետևանքով երեխաներից մեկն ուշաթափվել է: Մենք կապ հաստատեցինք Ստեփանյանի հետ և հետաքրքրվեցինք՝ այսօր դեռ քանի՞ արցախցի երեխա է շրջափակման հետևանքով մնացել Հայաստանի Հանրապետությունում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս և այլ հարցերի մասին զրուցեցինք Արցախի ՄԻՊ-ի հետ:

- Երեկ տեղեկացանք, որ 19 արցախցի երեխա, մեծ դժվարություններով, ադրբեջանական սադրանքին դիմադրելով, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել: Այժմ քանի՞ արցախցի երեխա կա Հայաստանի տարածքում:

- Հայաստանում այս պահին կա ավելի քան 250 երեխա, բայց նրանցից ոչ բոլորն են առանց ծնողական խնամքի: Շատերը՝ մոր, շատերը հոր հետ են: Սակայն կան նաև դեպքեր, որ հայրն ու մայրը մեկ երեխայի հետ մնացել են Հայաստանում, մյուս երեխան մնացել է Արցախում մենակ: 70 երեխա, առանց ծնողական խնամքի, մնացել է Հայաստանում:

- Տեղյա՞կ եք, թե այդ 250 երեխաներն ինչու էին Հայաստան եկել:

- Տարբեր պատճառներով: Առողջական հետազոտությունից մինչև Եվրատեսիլ:

- Այս ընթացքում միայն 19 երեխայի տեղափոխման հա՞րցն է հաջողվել լուծել:

- Այո, դեռևս 19 երեխա է տեղափոխվել Արցախ:

- Երեկ տեղեկացանք, որ Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող ավտոմեքենան, բանը հասել է նրան, որ վախից մի երեխա է ուշաթափվել:

- Այո, Շուշի-Քարինտակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են էկոակտիվիստ ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով։ Նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Իրարանցման հետևանքով երեխաներից մեկն ուշաթափվել է:

- Այլ ագրեսիվ գործողությունների չե՞ն դիմել:

- Երեխաների հիմնական վախի պատճառն այդ իրարանցումն է եղել: Ամեն կերպ ադրբեջանցիների գործողությունները փորձել են կանխվել խաղաղապահների կողմից, սակայն նրանցից երկուսը, այնուամենայնիվ, կարողացել են ներխուժել մեքենայի մեջ ու նկարահանման աշխատանքներ իրականացնել: Այլ տեղեկություն չունեմ այս մասով: Այդ տեսարանը երեխաների համար սարսափելի է եղել:

- Տեղյա՞կ եք՝ այժմ ինչպե՞ս են այդ երեխաները:

- Երեխաները սթրես են ապրել: Անհատապես չեմ հասցրել հանդիպել նրանց, բայց այս պահին բոլորն իրենց տներում են:

- Ամեն դեպքում ստացվում է, որ այս իրարանցումն առաջացել է ռուս խաղաղապահների թողտվության պատճառով: Ինչո՞ւ են ադրբեջանցիներին թույլ տվել մոտենալ երեխաներ տեղափոխող ավտոմեքենային, բարձրանալ մեքենա: Այս հարցի պատասխանը չե՞ք փորձել ստանալ:

- Ոչ թե չենք փորձել պարզել, այլ տեղեկացել ենք միայն, որ երթևեկելի հատվածում ադրբեջանցիները մեքենան կանգնեցրել են՝ նրանք էլ կանգնել են:

- Նշում եք, որ 250 արցախցի երեխա տուն վերադառնալ չի կարողանում: Այս մասով քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ:

- Հստակ ինֆորմացիա չունեմ, քննարկումներ լինում են այդ մասով` Կարմիր խաչի հետ, սակայն ես երեկ անգամ տեղյակ չէի, որ 19 երեխա պետք է Արցախ տեղափոխվի: Հնարավոր է, որ առաջիկայում ևս աշխատանքներ արվեն, սակայն եկեք հաշվի առնենք երեկ տեղի ունեցած դեպքը: Պետք է երեխաների անվտանգության մասին մտածենք, նաև պետք է ունենանք երաշխիքներ:

- Ինչպե՞ս եք դա պատկերացնում, ի՞նչ երաշխիքներ:

- Երաշխիք, որ երեխաներին տեղափոխող ավտոմեքենան այլևս չկանգնեցնեն, որ ռուս խաղաղապահների հետ մեկտեղ երեխաներին ուղեկցեն նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները: Ադրբեջանցիների հետ ցանկացած կոնտակտ պետք է բացառվի»։

Այս խորագրի վերջին նյութերը