Աշխարհ

25.01.2023 19:37


Հայտնաբերվել է մումիացված «ոսկե տղա»՝ 49 թանկարժեք ամուլետներով

Հայտնաբերվել է մումիացված «ոսկե տղա»՝ 49 թանկարժեք ամուլետներով

Երբ 2300 տարի առաջ Եգիպտոսում դեռահաս տղա է մահացել, նրան մումիացրել և զարդարել են 49 պաշտպանիչ ամուլետներով և ոսկե դիմակով, հայտնում է CNN-ը:

Հետազոտողները հայտնաբերել են ամուլետներ, որոնք դրված են եղել «ոսկեգույն տղայի» մարմնի վրա և նրա ներսում։ Օգտագործվել է համակարգչային տոմոգրաֆիա՝ մնացորդները թվային կերպով հետազոտելու համար՝ առանց դրանք վնասելու:

Մնացորդները առաջին անգամ հայտնաբերվել են 1916 թվականին Նագ էլ-Խասայ կոչվող գերեզմանատանը, որը թվագրվում է մ.թ.ա. 332-ից 30 թվականներով: Հազարավոր պահպանված մարմիններ, որոնցից շատերը դեռ իրենց սկզբնական դագաղներում են, պեղվել են Եգիպտոսում 19-րդ և 20-րդ դարերի սկզբին՝ նախքան Կահիրեի եգիպտական թանգարան տեղափոխվելը:

Ինչպես շատ ուրիշներ, հայտնաբերումից հետո մումիան մնացել է չուսումնասիրված և տեղափոխվել է թանգարանի նկուղ:

«Ոսկե տղայի» աճյունը եղել է երկու միմյանց մեջ դրված դագաղներում։ Արտաքին դագաղը պարզ է եղել և հունարեն տառերով գրված, իսկ ներքին փայտե սարկոֆագն ունեցել է նախշեր և ոսկեզօծ կափարիչ։

Երբ հետազոտողները սքանավորել են մումիան, նրանք գտել են 49 ամուլետներ՝ 21 տարբեր դիզայնով, այդ թվում՝ ոսկե լեզու դրված բերանում և սրտաձև ոսկե սկարաբ, որը եղել է կրծքավանդակում, որը հին եգիպտացիների կարծիքով կարող էր օգնել հանդերձյալ կյանք անցնելիս:

Տղան, որը, ինչպես ենթադրվում է, եղել է 14-15 տարեկան, նաև գլխին ունեցել է քարերով պատված ոսկեզօծ դիմակ, իսկ իրանի վրա՝ պաշտպանիչ ծածկույթ, որը կոչվում է կարտոնաժ: Նրա բոլոր օրգանները, բացառությամբ սրտի, հեռացվել են, իսկ ուղեղը փոխարինվել է խեժով։

Այս խորագրի վերջին նյութերը