Լրահոս

27.01.2023 13:08


Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է, Լաչինի միջանցքի վերաբերյալ, Ազարյանի նամակին

Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է, Լաչինի միջանցքի վերաբերյալ, Ազարյանի նամակին

Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինին արձագանքել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից՝ հունվարի 14-ին ուղարկված գրությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Արցախը Հայաս­տանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թանկագին պարոն Ազարյան,

Շնորհակալություն հունվարի 14-ին ուղարկված նամակի համար, որով հայցել եք Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունն ու գործողությունները՝ Լաչինի միջանցքի շուրջ ծագած մարդասիրական իրավիճակով պայմանավորված:

Վստահեցնում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը Լաչինի միջանցքի շուրջ առաջացած մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ լարված իրավիճակի սրացումից խուսափելու ելքը երկխոսությունն է, նաև պատրաստակամություն է հայտնվել օգնել Հայաստանի և Ադրբեջանի հաշտության հարցում:

Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները, ովքեր մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրավիճակի վե­րաբերյալ, միասնական հայտարարությամբ հանդես գալով՝ խորը մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի խափանման հարցում, որը դժվարութ­­յուն­ներ է ստեղծել խաղաղ բնակչության համար, ավելին՝ դիմել են բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու պահանջով:

Վստահաբար տեղյակ եք, որ դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի խնդրանքը և միջանկյալ միջոցներ կիրառելու որոշում կայացրել Ադրբեջանի դեմ, որով կապահովվի ինչպես ծանր հիվանդ անձանց տեղափոխումը դեպի Հայաստան, այնպես էլ այն անձանց տեղափոխումը, ովքեր առանց տանիքի և ապրելու միջոցների մնացել են այդ ճանա­պար­հին:

Դեկտեմբերի 22-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միլատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որով ևս մտահո­գություն է հայտնել այն մասին, որ տևական ժամանակ փակ ճանապարհը մարդկանց զրկում է իրենց տները հասնելու, կենսական ապրանքներ, բժշկական միջոցներ և մթերք­ներ ստանալու հնարավորություններից, և այդ ամենը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտվել մարդու իրավունքներից: Հանձնակատարը նույնպես դիմել է Լաչինի միջանցքի անվտանգության հարցում հասարակական կարգը պահպանելու պատասխանատու անձանց՝ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի վերա­կանգնվի ճանապարհով ազատ տեղաշարժը և այդ հարցը դիտարկել է որպես անհե­տաձգելի միջոց՝ թույլ չտալով մարդասիրական իրավիճակի վատթարա­ցում:

Հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է, որի գլխավոր գործառույթն անդամ պետություններին իրավաբանական խորհրդատվության տրա­մադրումն է, մասնավորապես, Հանձնաժողովն աջակցում է անդամ պետությունների իրավական և ինստիտուցիոնալ կառույցները եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարական և միջազգային փորձին, Մարդու իրավունքներին և օրենքներին համապատասխանեցնելու հարցում:

Հետևաբար, Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրավիճակին արձագանքելը թեև Վենետիկի հանձնաժողովի մանդատից դուրս է, բայց միևնույն ժամանակ մենք լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը և Ձեր նամակը կուղարկենք Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին: Հիշյալ հարցի հետագա ընթացքի հետ կապված ևս հայտնում եմ իմ պատրաստակամությունը:

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝ Սիմոնա Գրանատա Մենղինի»

Այս խորագրի վերջին նյութերը