Աշխարհ

27.01.2023 16:12


Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն». Ադրբեջանի ԱԳՆ-ն hարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա

Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն». Ադրբեջանի ԱԳՆ-ն hարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն» և դատապարտել այն: Նա պահանջել է սեղմ ժամկետներում հետաքննել ու պատժել մեղավորներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանն առաջիկայում կտարհանի դեսպանատան անձնակազմը:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ Բաքուն հերքել է Թեհրանի վարկածը՝ դեսպանատան վրա հարձկման շարժառիթների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել էր, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ:

«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները»,-ասել էր նա:

Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է. «Մենք չենք հավատում, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան շարժառիթով։ Մենք դատապարտում ենք այս հարձակումը և Իրանի կառավարությունից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։

Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում հակաադրբեջանական արշավի դեմ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվել, ինչը խթան է հանդիսացել հարձակման համար։ Ադրբեջանը միշտ եղել է Իրանի հետ բարիդրացիության կողմնակից, սակայն նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում։ Հարձակման ողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:

Նշվում է, որ սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը