Աշխարհ

01.02.2023 12:55


Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա

Իրանը թույլ չի տա, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն անպատասխան մնա, հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,-ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ՝ Սպահանում հարձակմանը Կիևի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությանը։

Պատգամավորը հավելել է, որ Կիևն այժմ իրեն թույլ չի տալիս ավելի բացահայտ գործողություններ իրականացնել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ արձագանք կստանա Թեհրանից։

«Նրանք շատ են վախենում, քանի որ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում»,-ասել է Մեշկինին։

«Մեր կարծիքով՝ նրանք անսպասելի ոչինչ չեն ասել: Մեզ համար զարմանալի չէ, որ Ուկրաինայի կառավարությունը նման դիրքորոշում է զբաղեցնում, քանի որ պետք է այնպիսի դիրքորոշում ընդունի, որը համահունչ է Արևմուտքի հեգեմոնիային»,-ասել է պատգամավորը:

Կիրակի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքով հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղերի գործարանում։

Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանն ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի:Մինչդեռ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ քաջատեղյակ աղբյուրների, կիրակի գրել է, որ Իսրայելը կանգնած է Սպահանում պայթյունի հետևում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն Twitter-ում արձագանքել էր Իրանում տեղի ունեցած պայթյուններին:

«Պատերազմի տրամաբանությունը անքննելի է և մահացու: Եվ այն մեծ հաշիվներ է ներկայացնում հեղինակներին և հանցակիցներին: Խուճապ Ռուսաստանում՝ անվերջ մոբիլիզացիա, հակահրթիռային պաշտպանության համակարգեր Մոսկվայում, խրամատներ՝ 1000 կմ երկարությամբ, ռմբապաստարանների կառուցում: Պայթյունաշատ գիշեր Իրանում. անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրություն, նավթի վերամշակում: Ուկրաինան զգուշացրել էր»,-գրել է Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչը։

Դրանից հետո Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ կապված Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության հետ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական Tasnim-ին հղումով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը