Լրահոս

01.02.2023 22:13


Վառարանը վառել փորձող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ

Վառարանը վառել փորձող կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի գործով որպես մեղադրյալ ներգրավված կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Վառարանը վառել փորձող կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Նշենք, որ հրդեհի հետեւանքով այրվածքներ է ստացել նաեւ կապիտանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի եւ ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան եւ վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետեւանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, 3 զինծառայող ստացել են այրվածքներ:

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը եւ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը. երկուսն էլ կալանավորված են:

Այս խորագրի վերջին նյութերը