Աշխարհ

07.02.2023 10:17


Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը

Թուրքիային և Սիրիային պատուհասած 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 100 հետցնցում:

Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 2921 է, ավելի քան 15 800 մարդ վիրավոր է: Երկրում փլուզվել է առնվազն 5606 շենք: Ըստ ՄԱԿ-ի՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայում ամենահզորն էր 1939 թ.-ից ի վեր:

Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին:

Որոնողափրկարարական աշխատանքները բավական բարդ են ընթանում եղանակային վատ պայմանների պատճառով: Փրկարարները չեն կարողանում հասնել երկրաշարժից տուժած շրջաններ:

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Հորդանանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը և Իրանը, փրկարարների են ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը