Աշխարհ

09.02.2023 11:52


Չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով. արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու ԵՄ առաքելության կազմում. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով. արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու ԵՄ առաքելության կազմում. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն, ադրբեջանական Haqqin պորտալին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

«Կարծում եմ, որ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» (նկատի ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որ պետք է տեղակայվի Հայաստանում-Խմբ.) տերմինով։ Դուք ինքներդ ասացիք, որ հիմքեր կան ենթադրելու, որ այն ամբողջովին քաղաքացիական չի լինելու։ Լսել եմ՝ արդեն խոսվում է, որ ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու այս առաքելության կազմում»,-նշել է Բոչարնիկովը։

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։

«Այդ առաքելության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով որոշակի ներկայության վերածվելու հավանականությունը, ինչպես նաև հավանականությունն առ այն, որ այս առաքելությունը կսկսի աչքը գցել Ղարաբաղի տարածքին, ինչը կլինի նրա մանդատի խախտում, ստիպում է մեզ ասել, որ ռիսկեր կան»,-նշել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ եթե փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունը Ղարաբաղում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների և սահմանապահների համար։

«Նման խնդիրներն անվտանգության վտանգ են ամբողջ տարածաշրջանում, ամբողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, այս տարածաշրջանի բնակիչներին, արտատարածաշրջանային ուժեր պետք չեն՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար»,-ընդգծել է Բոչարնիկովը։

Նա հավելել է, որ Հարավային Կովկաս արտատարածաշրջանային գործոն մտցնելու հիմքեր չկան։

«Սակայն Եվրամիությունն անում է հենց դա: Ավելին, նա դա անում է շատ անփույթ, առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու։ Իհարկե, Եվրամիությունն այս հարցում կարծես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուղղակի կցորդն է, որոնք ԱՊՀ տարածքը դիտարկում են որպես Ռուսաստանին հակադրության գոտի և իրականում փորձում են աշխարհաքաղաքական բաղադրիչ ներմուծել այստեղ՝ տարածաշրջանային այս իրավիճակում»,-ասել է ՌԴ դեսպանը։

Այս խորագրի վերջին նյութերը