Կարծիք

15.02.2023 09:29


Որ թուղթը բարձրացնում ես, տակից կոռուպցիան թափվում է, ու դեռ ասում են՝ կոռուպցիա չկա

Որ թուղթը բարձրացնում ես, տակից կոռուպցիան թափվում է, ու դեռ ասում են՝ կոռուպցիա չկա

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե Հայաստանում վերացրել է համակարգային կոռուպցիան։ Հիմա այդ մասին այլևս նախկին էնտուզիազմով չեն խոսում։

Համակարգային կոռուպցիան իբր վերացել է, բայց ամեն շաբաթ կոռուպցիայի դեպքեր են բացահայտվում, նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում։

Տպավորություն են ստեղծում, թե կոռուպցիա կա, բայց համակարգային կոռուպցիա՝ ոչ։

Եթե համակարգային կոռուպցիա չկա, ինչպե՞ս կարող են կոռուպցիայի մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել։

Որ ավելի բարձր պաշտոնյաներ չեն կալանավորվում կամ նրանց հետ կապված գործեր չեն բացահայտվում, դա դեռ չի նշանակում, թե համակարգային կոռուպցիա չկա։

Ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե ինչպես կանվանենք այն, երբ կոռուպցիայի մեղադրանքով նախարարներ են ձերբակալվում, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց ազգականներին փոխկապակցված ընկերությունները կասկածելի պայմաններում, երբեմն առանց մրցույթների՝ պետական մեծածավալ գնումների պատվերներ են ստանում, երբ պետական մարմինները նախընտրում են մեկ աղբյուրից պայմանագրեր կնքել Ազգային ժողովի պատգամավորին պատկանող ընկերությունների հետ, երբ նախկինում ապառիկով կենցաղային տեխնիկա գնողը, պետական պաշտոնյա՝ նախարար կամ պատգամավոր դառնալուց հետո, հարյուր-հազարավոր դոլարանոց բնակարան կամ այլ անշարժ գույք է ձեռք բերում, երբեմն՝ մի քանի հատ, մեծ գումարների նվիրատվություններ են ստանում, թանկարժեք մեքենաների տեր դառնում և այլն։

Համակարգային կոռուպցիան կամ կոռուպցիան սկսվում է այնտեղ, երբ պետական բյուջեի միջոցները տնօրինում ու ծախսում են սեփական ցանկությամբ ու հայեցողությամբ։ Ում ուզում, նրա հետ էլ պայմանագրեր են կնքում ու իրացնում պետական միջոցները։ Եթե նույնիսկ շատ դեպքերում կոռուպցիայի փաստեր չեն արձանագրվում, դա դեռ չի նշանակում, թե այդտեղ կոռուպցիա չի եղել կամ վաղը չի կարող արձանագրվել։

Երևանի նախկին քաղաքապետին գործից հանելուց հետո, նրա հետ կապված միլիոնավոր, նույնիսկ տասնյակ-միլիոնավոր դոլարների չարաշահումներ ու վատնումներ բացահայտեցին։ Տպավորություն է, որ մինչ հայտարարվում էր Հայաստանում համակարգային կոռուպցիայի բացակայության մասին, Երևանի քաղաքապետարանում համատարած կոռուպցիա է եղել։

Քանի դեռ քաղաքապետն իրենց հետ էր, ամեն ինչ նորմալ էր։ Բայց, երբ նա դադարեց իրենց թիմի անդամը լինել, չարաշահումներն ու անօրինականությունները միանգամից ջրի երես դուրս եկան։

Իսկ ո՞վ ասաց, որ մյուս տեղերում այդպես չէ, և նպատակահարմարությունից ելնելով՝ առայժմ չեն բացահայտում, խնայում են յուրայիններին։ Դրանք կբացահայտվեն, երբ անհրաժեշտությունը լինի։ Եթե նույնիսկ հիմա չբացահայտվեն, կբացահայտվեն հետո՝ այս կամ գուցե արդեն հաջորդ իշխանությունների կողմից։

Կոռուպցիան միայն այն չէ, երբ կաշառքը բռնում ես պաշտոնյայի ձեռքին։ Դա ընդամենը կոռուպցիայի պարզ դրսևորում է։ Կոռուպցիան բազմաթիվ այլ դրսևորումներ ունի։

Երբ վարչապետը օրենքից դուրս պետական պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելու մասին գաղտնի որոշում է ստորագրում, դա ևս պետական մակարդակի կոռուպցիա է ու պետական միջոցների վատնում։

Ժամանակին շատ խոսվեց «Հայաստան« համահայկական հիմնադրամի գումարների հետ կապված չարաշահումների ու վատնումների, տարբեր պաշտոնյաների հետ դրանց կապի, հիմնադրամից վերցնելու և պետական բյուջե մի քանի տասնյակ միլիոն դոլար տեղափոխելու, հայտնի չէ, թե ինչպես ծախսելու մասին։ Եվ ի՞նչ։ Մինչև հիմա էլ չեն ներկայացրել հաշվետվություն այդ գումարների իրացման վերաբերյալ։

Կոռուպցիայի դասական ձևերից մեկն էլ հովանավորչությունն է, նաև բիզնեսի հովանավորչությունը։

Երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ պատգամավորներն այս կամ բիզնեսի հաշվին իրենց հանգիստն են անցկացնում արտասահմաններում, թանկարժեք հյուրանոցներում ու հանգստյան վայրերում, ռեստորաններում ու գիշերային ակումբներում, կա՞ այստեղ կոռուպցիա կամ կոռուպցիայի ռիսկ, թե՞ չկա։

Եթե չի բացահայտվել, դա դեռ չի նշանակում, թե չկա։

Հայտնի կանեփի բիզնեսի մասին շատ է խոսվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ջանքերով Հայաստանում օրինականացվեց արդյունաբերական կանեփի արտադրությունը։ Դրանից շատ չանցած նրա ընկերները հիմնեցին այդ գործունեությամբ զբաղվող ընկերություն։ Կա՞ այստեղ հովանավորչություն, թե՞ ոչ։

Կարևոր չէ նույնիսկ՝ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյա Տիգրան Ավինյանը փաստացի կա՞ այդ բիզնեսում, թե՞ ոչ։ Պարզ չէ, որ եթե նույնիսկ լինի էլ, այնպես է անելու, որ դա ոչ մի տեղ չերևա։

Զարմանում են, որ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով զիջել է դիրքերը, նախկին 49-ից միավորը իջել է 46-ի։

Նշենք, որ 50-ից ցածր համաթիվ ունեցող երկրների համար կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր։

Այսինքն՝ նախկինում էլ, երբ իշխանությունները հայտարարում էին, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, կոռուպցիոն իրավիճակը մեր երկրում մի բան չէր։ Հիմա ավելի է վատացել։ Բայց դրանում զարմանալու բան չկա, որ թուղթը բարձրացնում են, տակից չարաշահումներ ու անօրինականություններ են թափվում, կոռուպցիայի հոտ է գալիս։

Հիմա էլ փորձում են լրատվամիջոցներին ու լրագրողներին մեղադրել, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանի դիրքերը վատացել են։

«Այն փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, անընդունելի է։

Դեր ունեն ԶԼՄ-ների հրապարակումներն այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն գործարքների մասին»,-արդարանում է Նիկոլ Փաշինյանը։

Բայց մոռանում է, որ լրատվամիջոցները նրա համար են, որպեսզի վեր հանեն հնարավոր կոռուպցիոն գործարքները։ Իսկ այդպիսի հրապարակումներից քանիսի՞ հետևից են մինչև հիմա գնացել իշխանությունները։

Այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հարազատների հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ու հովանավորչության վերաբերյալ հարցերը երբ բարձրացնում են, Նիկոլ Փաշինյանն անմիջապես արդարացումներ է բերում, բացառում է այդպիսի հավանականությունը։ Բայց չէ՞ որ հասարակությունը տեսնում է, թե կարճ ժամանակում ինչպես է փոխվել պետական օղակներում պատահաբար հայտնվածների կյանքն ու ապրելու պայմանները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը