Լրահոս

20.02.2023 10:29


Եթե չլիներ ղարաբաղյան շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը․ Ռուբեն Վարդանյան

Եթե չլիներ ղարաբաղյան շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը․ Ռուբեն Վարդանյան

35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել պայքարի միջոցով։

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով:

Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին: Մեր բազմաթիվ նվիրյալ հերոսներ իրենց կյանքն են տվել այս հողը հայկական պահելու համար, որովհետև նրանք հասկացել են Արցախի բացառիկ կարևորությունը հայոց պետականության և հայկական աշխարհի պահպանման համար:

Որպես պետնախարար իմ պաշտոնավարման այս 100 օրվա ու ծանր շրջափակման իրավիճակում ես ինքս տեսա Արցախի ժողովրդի անսովոր հզոր ուժը և հասկացա, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրա ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորությունն ու դրանից եկող այդ բացառիկ ուժը:

Ու ես հիմա վստահ ասում եմ, որ եթե անգամ մեր նպատակին հասնելու համար ևս 35 տարի պահանջվի, դա մեզ չպետք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Возможно, это изображение один или несколько человек и на открытом воздухе

Այս խորագրի վերջին նյութերը