Աշխարհ

20.02.2023 20:46


Ի՞նչ է մեզ պատմում 1893 թ․Մալաթիայի երկրաշարժը

Ի՞նչ է մեզ պատմում 1893 թ․Մալաթիայի երկրաշարժը

Մարաշի երկու երկրաշարժերը մեծ ավերածություններ են առաջացրել 10 քաղաքներում։ Այնինչ հայտնի փաստ է, որ պատմականորեն այս տարածաշրջանը ուժգին երկրաշարժերի գոտի է։ 1893 թ Մալաթիայի երկրաշարժն էլ սրանից ուղիղ 130 տարի առաջ մեծ վնաս էր հասցրել այս տարածքներին։ Այդ ժամանակվա հայկական մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երկրաշարժի հանդեպ։ Բացի մեծ աղետ լինելուց, այս հետաքրքրության պատճառներից մեկն այն էր, որ այդ տարածքում նաև հայ բնակչություն էր ապրում։ Զաքարիա Միլդանօղլուն 2020 թ Մալաթիա-Էլազըղ երկրաշարժից հետո «Ակօսի» համար պատրաստել է ժամանակաշրջանի վերաբերյալ հայկական մամուլից արված ծավալուն ծաղկաքաղ։ Հարկ համարեցինք ևս մեկ անգամ հրապարակել այս ծաղկաքաղի համառոտ շարադրանքը: Քանզի 130 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը դեռևս հանրահայտ չեն: Ավելի ճիշտ՝ 130 տարվա ընթացքում կարծես դաս չի քաղվել դրանցից։

15 Մարտ 1893, թիվ 418 «Փունջ» թերթը տպագրում է նամակ Մալաթիայից եւ ցավալի լուրեր է հաղորդում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Հինգշաբթի, փետրվարի 28-ի գիշերը, ժամը յոթն անց երեսունին, այն ժամին, երբ բոլոր բնակիչներն արդեն քնած էին, քաղաքի բոլոր հատվածների տները, խանութները, բաղնիքները, մզկիթներն ավերած երկրաշարժ եղավ։ Սակայն այս աղետը հինգշաբթի կեսօրից սկսեց նշաններ ցույց տալ։ Հինգշաբթի օրը մեկը մյուսի հետեւից 5-6 ցնցում էր տեղի ունեցել՝ վախ պատճառելով։ Բայց ոչ ոք չէր մտածում, որ մի գիշեր արթնանալու է և քաղաքն ավերված տեսնի։ Վնասն անհաշվելի է։ Հայկական թաղամասի Խարազա անունով հայտնի կողմում գտնվող բոլոր տներն ավերվել են, և յուրաքանչյուրից դուրս են հանվել երկու, երեք, չորս և մինչև յոթ դի: Անգամ տներ կան, ուր մարդ չի մնացել, որ հարազատի հետևից ողբա։

«Փունջի» թղթակիցը հայտնում է, որ Մալաթիայում ավերվել է 4-5000 տուն, վնասվել է 3-4000 տուն, 200 մարդ մահացել է։ Ինչպես մարդկանց, այնպես էլ ավերված շինությունների երեք քառորդը պատկանում է հայերին։ Բողոքականների աղոթատներն ու կաթոլիկների եկեղեցիները խիստ վնասվել են, հայերի կենտրոնական եկեղեցու սվաղը ամբողջությամբ թափվել է, պատերը տեղ-տեղ ճաքճքել են։ Ճաք է տվել նաեւ Սուրբ Երրորդություն եկեղեցու գմբեթը, որը վերանորոգվելու է 18 տարի անց։ Ավերվել են նաև Սուրբ Փրկիչ վանքի մատուռը և սենյակները։ Դպրոցներում այլեւս հնարավոր չէ դասավանդել։

18 Մարտ 1893, թիվ 60 «Արմենիա» թերթ Ստամբուլի թերթերում կարդում ենք, որ երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիայում եւ Ադըյամանում, ավերվել են բազմաթիվ շենքեր ու հասարակական շինություններ։ Փլատակների տակ մահացածներ կան։ Բնակիչներն այս պահին ապրում են վրաններում։ Կառավարությունը Ստամբուլից տուժածներին ֆինանսական օգնություն է ուղարկել։ Տուժածների համար Խարբերդից և շրջակայքից հավաքվել է մոտ 100․000 ղուրուշ։

20 Մարտ 1893, թիվ 2350 «Փունջ» թերթ Մալաթիայում երբեմն ուժեղ, երբեմն թույլ ցնցումներով գիշեր-ցերեկ շարունակվում են երկրաշարժերը։ Որոշ կանգուն շենքերի փլուզումից հետո Սուրբ Երրորդություն եկեղեցու գմբեթի տակ հայտնվելու հույսը ևս մարեց։ Երեկվա երկրաշարժից տուժել է նաև Սուրբ Հարություն եկեղեցին։ Ավերվել է նաև Հին Մելիտինեում կառուցված Սուրբ Ստեփանոս անունով հազարամյա մատուռը։ Տեղի վաճառականներից Յազըջյան եղբայրների քարե պահեստները և յուրաքանչյուրը 500 լիրայի հասնող քաղաքապետարանի երեք խանութները ամբողջությամբ ավերվել են։ Դպրոցները դեռ փակ են, շուրջբոլորը թշվառ երեխաներ են։

Հայրենիք թերթ համար 406 Երկրաշարժը Մալաթիայում գրեթե սկսել է շարունակական բնույթ կրել։ Կիրակի օրը ևս երեք նոր ցնցում է տեղի ունեցել։ Բազմաթիվ շենքեր, որոնք վնասվել էին նախորդ ցնցումներից, այս անգամ ամբողջությամբ ավերվել են։ Ադըյաման ուղարկված հանձնաժողովը զեկույց է պատրաստել։ Այս հաղորդման համաձայն՝ Ադըյամանի 19 գյուղերում ավերվել է 200 տուն, մահացել է 99 մարդ, վիրավորվել՝ 7 մարդ։ Կանգուն մնացած տների մեծ մասն էլ ավերվել է անձրեւներից։ Որքան մեծ է եղել դժբախտությունը՝ հստակ տեղեկություն չկա։ Ձյունն ու հեղեղները փակել են ճանապարհները, կամուրջներ են ավերվել, և քանի որ տարբեր շրջաններ գործուղված պաշտոնյաները չեն կարողանում վերադառնալ կենտրոն, հավաստի տվյալներ չեն ստացվում։

25 Մարտ 1893, թիվ 62 Արմենիա թերթ (ԼՐԱՑՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԹԵՐԹԵՐԻՑ) Մալաթիայի պատրիարքարանը հեռագիր է ուղարկել Հայոց հոգեւոր առաջնորդությանը` խնդրելով մանրամասն տեղեկություններ տրամադրել երկրաշարժի պատճառած վնասների և տուժածների վիճակի մասին։ Միևնույն ժամանակ սուլթանը դրամական օգնություն է ուղարկել Մալաթիա և հրամայել է օգնել վիրավորներին, իսկ հոգևոր առաջնորդությունից խնդրել է այցելել նրանց ընտանիքներին և մխիթարել նրանց։ Մասամբ ավերվել են նաև Մալաթիայի եկեղեցին և դպրոցը։

3 ապրիլի 1893, թիվ 3986 Մասիս թերթ Մալաթիայում և շրջակայքում ցնցումները շարունակվում են։ Մարտի 22-ին Ադըյամանում և նրա երեք գյուղերում և Հուսմա գավառում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո ամբողջությամբ ավերվել են քառասունի չափ տուն և մեկ գոմ։ Մարդկային կորուստ չկա։ Դիարբեքիրից աղետից տուժածներին 20 հազար ղուրուշ օգնություն է ուղարկվել։

20 Մայիս 1893, թիվ 73 Արմենիա թերթ Պաշտոնական զեկույցի համաձայն՝ Մալաթիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 885 մարդ։ Նրանցից 131-ը մահացել է Մալաթիայի կենտրոնում, մնացածը Հըսնըմանսուրում (Ադըյաման), Բեհեսնիում, Քահթայում, Աքչադաղում և գյուղերում, 164 մարդ վիրավորվել է։ Նշված դժբախտ պատահարների հետևանքով փլատակների տակ մնալով՝ ոչնչացվել է 10020 կենդանի, այդ թվում՝ 23 ձի, 147 ջորի, 613 եզ, 291 կով, 56 էշ և 8890 ոչխար ու այծ։ Սատկած կենդանիներից 3547-ը պատկանում էին Մալաթիայի սանջաքի կենտրոնին կապված գյուղերին, 3934-ը՝ Ադըյամանին, 1972-ը՝ Քահթային, 299-ը՝ Բեհիսնիին և 268-ը՝ Աքչադաղին։ 7262 սենյակ, 2719 տուն ավերվել և վերածվել են ավերակների։ 9231 սենյակ, 1345 տուն ավերվել են մասնակիորեն, փոքր վնաս է կրել 2195 տուն։ 274 խանութ ավերվել է, 64 խանութ մասամբ է վնասվել, 936 խանութ էլ մասնակի վնասներ է կրել։ Ավերվել է 31 մզկիթ, որից 95-ը՝ մասնակի, 13-ը՝ վնասվել է։ Ավերվել է 5 հայկական դպրոց, երկուսը՝ վնաս են կրել։ Ամբողջությամբ ավերվել է 9 թուրքական դպրոց, մասամբ ավերվել է 2-ը, վնաս է կրել 14 դպրոց։ Մեկ զորանոց ամբողջությամբ ավերվել է, մեկը՝ վնասվել, կառավարական առանձնատունը, զորանոցը և պահեստազորանոցը, քաղաքային ոստիկանության գրասենյակը, 3 հեռագրատուն մասամբ ավերվել և վնասվել են, 3 բաղնիք ամբողջությամբ ավերվել է, 2 բաղնիք՝ մասամբ ավերվել և մեկ բաղնիք վնաս է կրել։

Ապրիլի 3-ին Մալաթիայից գրված նամակում ասված է, որ հեղեղումներ պատճառող անձրեւները շարունակվում են, եղանակը ցուրտ է, աղքատություն է տիրում, իսկ ստացված դրամական օգնությունը բավարար չէ։ Հաղորդվում է, որ երկրաշարժի ցնցումները թեև շարունակվել են, բայց անվնաս են եղել ։Սակայն Մալաթիայից 8 ժամ հեռավորության վրա գտնվող երկու բլուրներ իրար են բախվել, և գյուղը կործանվել է իր բնակիչների հետ։

17 ապրիլի 1893, թիվ 3987 Մասիս թերթ

Մալաթիայի երկրաշարժի պատճառով ձևավորված Աղետների հատուկ հանձնաժողովի պատրաստած հաշվետվության համաձայն՝ ընդհանուր զոհվել է 885 հոգի, վիրավորվել՝ 164 հոգի, ամբողջությամբ ավերվել է 7262 սենյակ և 2719 տուն։ Փլատակների մեջ 10020 տարբեր կենդանիներ են մնացել ու սատկել։ Ամբողջությամբ ավերվել է 31 մզկիթ, 95 մզկիթ մասամբ է քանդվել, 13 մզկիթ՝ մասամբ վնասվել։

https://www.agos.com.tr/tr/yazi/28170/1893-malatya-depremi-bize-ne-anlatiyor

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Աղբյուրը՝ akunq.net

Այս խորագրի վերջին նյութերը