Տնտեսական

24.02.2023 09:45


Ահավոր վիճակ է լինելու, եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի․ տնտեսագետ․ «Հրապարակ»

Ահավոր վիճակ է լինելու, եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի․ տնտեսագետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։

-Պարոն Բոստանջյան, հատկապես Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին: 1993 թվականից ի վեր առաջին անգամ Մարգարայի կամրջով Թուրքիա Հայաստանից օգնություն ուղարկվեց, այն էլ՝ երկու անգամ: Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն էլ վերջին հանդիպման ժամանակ խոսեցին Անիի կամրջի նորոգման եւ բացման մասին: Թուրքիայի հետ սահմանի բացումը, տնտեսական առումով, ի՞նչ կտա Հայաստանին:

-Բոլոր պարագաներում սահմանների բաց լինելը, առհասարակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, մասնավորապես եւ հատկապես բիզնեսի ազատ տեղաշարժը, ըստ էության, վատ բան չէ, բայց տվյալ պարագայում մենք հայտնվել ենք անորոշության մեջ: Թուրքիան 90 միլիոնանոց երկիր է, որտեղ տնտեսության բոլոր ճյուղերը Հայաստանի համեմատ բավականին զարգացած են: Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ չկա արտադրություն, ոչինչ չկա, էստեղից-էնտեղից առեւտուր է անում ու վաճառում հասարակությանը: Նման պայմաններում տնտեսական էքսպանսիայի հարցը դառնում է ահավոր: Հայաստանն այդպիսով հայտնվելու է ողորմելի վիճակում: Այլ բան, եթե անվտանգության հարցերը լինեին հստակ, ունենայինք բավականաչափ կապիտալ, գոնե վատագույն պայմաններով, բայց ունենայինք հավասարապես աշխատանքային գործընկերություն: Հիմա եթե դու հայտնվելու ես ստրուկի կարգավիճակում, սահմանը բացիր, կամուրջը կառուցիր, եւ այլն, եւ այլն: Ահավոր վիճակ է լինելու, եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի: Կցորդի ռեժիմով են մարդիկ ապրելու, սա՝ լավագույն դեպքում: Հայաստանը դառնալու է օժանդակ կցորդ: Հակառակ դեպքում, անգամ այդ հնարավորությունը չենք ունենալու: Գուցե ապրանքները մեզանում շատանան, սակայն մեր երկիրն իր սուբյեկտայնությունը լրիվ կկորցնի: Որքան էլ մենք խոսենք ինքնիշխանությունից, անկախությունից եւ ազատությունից, այսպիսով դառնալու ենք Թուրքիայի, իսկ ավելի ճիշտ` Թուրանի մի ողորմելի հատված:

-Ո՞րն է Մարգարայի եւ Անիի կամուրջների տարբերությունը` տնտեսական առումով:

-Տարբերությունը տեղաշարժի համար էական չէ: Կարեւորն ավելի ընդարձակ հնարավորությունների մասին է: Մեծ տարբերություն չկա, մասնագիտական առումով մանրամասների չեմ տիրապետում, սակայն բոլոր պարագաներում անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել:

-Նշում եք, որ Հայաստանում ապրանքաշրջանառությունը կարող է մեծանալ: Կոնկրետ ո՞ր ապրանքների մասին է խոսքը:

-Մոլորակն ունի գիշատիչներ, դա կլինի Թուրքիան, կլինի Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, էական չէ: Մեզ նման փոքր կզաքիսների ռեժիմով գործող երկրները, ըստ էության, միայն կուրծք են ծեծում՝ խոսելով անկախության մասին: Հարցն այն չէ, թե նրանք մեծ են, մենք՝ փոքր ու մենք ստրուկ ենք դառնում, հարցն այն է, որ այստեղ կա մեծ անվտանգության հարց: Հայաստանում լավ թե վատ ձեւավորված բիզնեսը, գործարար տիրույթը վերանալու են, կգան ձեռքիցդ կվերցնեն բիզնեսդ, քեզ կճնշեն, կգնեն, եւ դու չես կարող չվաճառել: Ստրուկ մնալով չի կարելի ապրել, սակայն դա էլ միանշանակ չէ, այդ ձեւով ասելու են` հեռացեք Հայաստանից։

-Սահմանը բացելու պարագայում Թուրքիայից կոնկրետ ի՞նչ կներկրվի Հայաստան:

-Ամեն տեսակի ապրանք:

-Դա ի՞նչ ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա:

-Կունենա շատ վատ ազդեցություն, որովհետեւ Թուրքիան մեծ է, Թուրքիան հզոր է: Պատկերացրեք՝ ընտանիքը վաճառում է մի քանի պարկ կարտոֆիլ, մի քանի արկղ լոլիկ, ի՞նչ կկատարվի նրանց հետ: Խեղճուկրակ գյուղատնտեսության ոլորտն ուղղակի կդադարի աշխատել:

-Եթե ճանապարհը բացվի, եւ Թուրքիայից լոլիկ ներկրվի, տեղական լոլիկը քանի՞ տոկոսով կէժանանա:

-Ավելի էժան, քան երբեւէ:

-Գյուղացին ի՞նչ պետք է անի այս պարագայում:

-Երկիրը պետք է առհասարակ լինի ինքնաբավ` թե՛ գյուղատնտեսական ոլորտում, թե՛ արդյունաբերության մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը