Լրահոս

25.02.2023 18:13


Երկու ազգական վեճի ժամանակ միմյանց մկրատով և ուրագով հարվածներ են հասցրել․ դեպքի վերաբերյալ վարույթով կալանավորվել է մեկ անձ

Երկու ազգական վեճի ժամանակ միմյանց մկրատով և ուրագով հարվածներ են հասցրել․ դեպքի վերաբերյալ վարույթով կալանավորվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023թ․ փետրվարի 21-ին, երեկոյան, Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռված քրեական վարույթի շրջանակում կատարվող քննությամբ պարզվել է, որ 2023թ․ փետրվարի 21-ին, ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, Մ․ Ֆ․-ն կնոջ հետ գնացել է իր ազգական Ռ․Բ․-ի՝ Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքում գտնվող տուն՝ նախօրեին վերջինիս որդու կողմից իր ավտոմեքենայով այլ ավտոմեքենայի հարվածելու և դրա հետևանքով կրած վնասի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ժամանակ Մ․Ֆ․-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում իր մոտ գտնվող մկրատի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Ռ․ Բ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ: Իր հերթին Ռ․Բ․-ն նույն վիճաբանության ժամանակ ուրագով հարվածներ է հասցրել Մ․ Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վերոնշյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով նույն օրը Մ․ Ֆ․-ն ձերբակալվել է։

Ռ․Բ․-ն, ով, ստացած մարմնական վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել մասնակցելու վարույթային և քննչական գործողությունների, ճանաչվել է տուժող։

Զննությամբ դեպքի վայր հանդիսացող տանը հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք ուրագը և մկրատը:

Առողջությանը փոխադարձաբար պատճառված վնասների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Մ․ Ֆ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ներկայացվել է մեղադրանք։

Մ․Ֆ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում ուրագով հարվածներ հասցրած ազգականի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը