Աշխարհ

26.02.2023 08:37


Սանկտ Պետերբուրգում ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ կրակ բացած հայազգի տղամարդըը կալանավորվել է

Սանկտ Պետերբուրգում ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ կրակ բացած հայազգի տղամարդըը կալանավորվել է

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ կրակ բացած հայազգի Տիգրան Խաչիկյանը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում է Սանկտ Պետերբուրգի դատարանների միավորված մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կույբիշևի շրջանային դատարանը բավարարել է Տիգրան Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ հետաքննության ներկայացրած միջնորդությունը։

Հետաքննության վարկածով՝ նախօրեին մետրոյի «Գոստինի դվոր» կայարանի մոտ Խաչիկյանը որսորդական հրացանից երկու անգամ կրակել է ՕՄՕՆ-ի աշխատակցի ուղղությամբ։ Տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Ինչպես հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, դեպքի վայրի զննությամբ առգրավվել է երկու ատրճանակ, տրավմատիկ ատրճանակ և ռազմամթերք։ Մեղադրյալի տանը խուզարկություններ են կատարվում, նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։

Այսօր Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մասամբ ընդունել է մեղքը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ուզբեկստանի քաղաքացի Տիգրան Խաչիկյանը կրակ էր բացել ՕՄՕՆ-ի աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը վիրավորում է ստացել։

Նախնական տվյալներով՝ առավոտյան 50-ամյա Տիգրան Խաչիկյանը, իր հետ վերցնելով երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, նախապես պատրաստված երկու Մոլոտովի կոկտեյլ և երաժշտական բարձրախոս, նստել է տաքսի և գնացել մետրոյի «Պրոսպեկտ Վետերանով» կայարան: Այնտեղ նա նստել է մեկ այլ մեքենա և ուղևորվել դեպի Սադովայա փողոց, այնուհետև քայլել դեպի մետրոյի «Գոստինի դվոր» կայարան։

Մուտքից ոչ հեռու տղամարդը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտությունը, ինչն էլ գրավել է ՕՄՕՆ-ի ծառայողների ուշադրությունը։ Հանգամանքները պարզելու համար նրանք մոտեցել են տղամարդուն, ինչից հետո Խաչիկյանը բղավել է՝ «փախե՛ք»։ ՕՄՕՆ-ի աշխատակիցներից մեկը փորձել է բերման ենթարկել հարձակվողին, սակայն վերջինս հանել է որսորդական հրացանը և մի քանի անգամ կրակել տուժողի վրա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը