Լրահոս

01.03.2023 18:15


Երիտասարդները հարսանիքից հետո վիճաբանել են մարդկանց հետ, մարդկանց վնասվածքներ են պատճառել, արձակել կրակոցներ

Երիտասարդները հարսանիքից հետո վիճաբանել են մարդկանց հետ, մարդկանց վնասվածքներ են պատճառել, արձակել կրակոցներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժանում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Ժամը 23:15-ի սահմաններում երկուսով դուրս են եկել ռեստորանից և նստել 26-ամյա տղամարդու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որից հետո վերջինիս 27-ամյա ընկերը ավտոմեքենայի ապակին իջեցնելով անծանոթ անձից պահանջել է կրակայրիչ: Այնուհետև երկուսով գտնվելով ալկոհոլային արբածության վիճակում, իջել են ավտոմեքենայից և առանց որևէ առիթի վիճաբանել դրսում հավաքված մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում 27-ամյա տղամարդը, կոպիտ խախտելով հասարակական կարգը, քաշքշել և հարվածներ է հասցրել հավաքված մի խումբ անձանց, իսկ 26-ամյա տղամարդը, նստելով իր կողմից շահագործվող հիշյալ ավտոմեքենան, այն անկանոն վարելով հարվածել է փողոցում կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինս ավտոմեքենայով հարվածել է 2 քաղաքացիների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իր մոտ պահվող գազային ատրճանակով անկանոն կրակ է արձակել՝ նշված վայրում գտնվող անձանց մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են վնասված և վթարված վիճակում գտնվող հիշյալ երկու ավտոմեքենաները, ինչպես նաև հայտնաբերվել է մեկ հատ չկրակված փամփուշտ։

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչի կողմից Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս 27-ամյա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը