Աշխարհ

01.03.2023 19:47


Հունաստանում նախարարը հրաժարական է տվել գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո

Հունաստանում նախարարը հրաժարական է տվել գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո

Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հունական «Կատիմերին»-ի պարբերականը։

«Փաստ է, որ մենք հունական երկաթուղին ստացել ենք 21-րդ դարին չհամապատասխանող վիճակում»,-նշել է նա։

Կարամանլիսի խոսքով՝ նա իր պաշտոնավարման ժամանակ բոլոր ջանքերը գործադրել է երկաթուղում իրավիճակը բարելավելու համար, սակայն դա բավարար չի եղել ողբերգությունը կանխելու համար:

Կոստաս Կարամանլիսը նշել է, որ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել։

Նախարարը կարծում է, որ Հունաստանի քաղաքացիները պետք է վստահեն քաղաքական համակարգին։

«Այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Դա այն է, ինչ ես համարում եմ իմ պարտքն անել ՝ որպես նվազագույն հարգանքի նշան այն մարդկանց հիշատակին, ովքեր այդքան անարդարացիորեն զոհվել են»,-ասել է Կոստաս Կարամանլիսը։

Վերջին տվյալների համաձայն՝ Հունաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի, տուժել է 85 մարդ, որոնցից 72-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Իշխանությունները ենթադրում են, որ տուժածների թիվը կաճի, քանի որ հայտնի է, որ ուղեւորատար գնացքի առաջին վագոններում մարդիկ են մնացել: Նրանց փրկելու աշխատանքները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը