Աշխարհ

05.03.2023 11:01


Իտալացի ամենահետախուզվող մաֆիոզիին հաջողվել է ձերբակալել աթոռի ոտքի մեջ թաքցրած ծածկագրի շնորհիվ

Իտալացի ամենահետախուզվող մաֆիոզիին հաջողվել է ձերբակալել աթոռի ոտքի մեջ թաքցրած ծածկագրի շնորհիվ

Աթոռի ոտքի մեջ թաքցրած կոդավորված գրությունը օգնել է ձերբակալել իտալական մաֆիայի ամենափնտրվող պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյին, հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունը գրությունը հայտնաբերել է նրա քույր Ռոզալիայի տանը գաղտնի գործողության ընթացքում՝ հունվարին Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում նրան ձերբակալելուց մեկ ամիս առաջ:

Ռոզալիա Մեսինա Դենարոն ուրբաթ օրը ձերբակալվել է Սիցիլիայում։

Նրա 60-ամյա եղբայրը 30 տարի անցկացրել է փախուստի մեջ եւ ենթադրվում է, որ արդարադատությունից փախել է հարազատների օգնությամբ:

Ենթադրվում է, որ նա եղել է տխրահռչակ Cosa Nostra մաֆիայի ղեկավարը եւ 2002 թվականին դատվել է հեռակա ու ցմահ ազատազրկման դատապարտվել մի շարք սպանությունների համար:

Ի վերջո, հունվարի 16-ին նրան ոստիկանները ձերբակալել են Պալերմոյի մասնավոր կլինիկայի մոտ, որտեղ նա կեղծ անվան տակ քաղցկեղի բուժման կուրս էր անցնում:

Նրա ձերբակալությանը մասնակցել է ավելի քան 100 զինծառայող։

67-ամյա Ռոզալիա Մեսինա Դենարոն, որը նաեւ հայտնի է որպես Ռոզետտա, ուրբաթ օրը ձերբակալվել է Սիցիլիայում՝ մաֆիայի հետ առնչություն ունենալու մեղադրանքով, իսկ կարաբինիերները՝ իտալական ոստիկանությունը, հրապարակել է 57 էջանոց ձերբակալման օրդեր՝ մանրամասնելով նրա եղբոր նախորդ ձերբակալության որոշ հանգամանքներ:

Օրդերում ասվում է, որ ոստիկանությունը կղզու արեւմտյան Կաստելվետրանո քաղաքում գտնվող Ռոզալիայի տանը աթոռի ալյումինե ոտքի մեջ գրություն է գտել, երբ դեկտեմբերին գործողության ընթացքում փորձել է դրա մեջ լսող սարք տեղադրել:

Սպաները լուսանկարել են գրությունը, որը սկզբում նրանց թվացել է բառերի, նշանների ու տառերի խառը կույտ, եւ այն փոխարինել են մեկ այլ գրությամբ։

Իրականում գրությունը, պարզվել է, պիցցինո է՝ մի փոքրիկ թղթի կտոր, որը գրված է ծածկագրով, որը Մեսինա Դենարոն օգտագործել է իր հարազատների եւ հանցակիցների հետ շփվելու համար:

Վերլուծությունը ցույց է տվել, որ գրության մեջ հաղորդվում է հաստ աղիքի քաղցկեղի դեմ տղամարդու պայքարի մասին։ Ոստիկանությունն իր ուշադրությունը կենտրոնացրել է Մեսինա Դենարոյի վրա՝ պարզելով, որ ընտանիքի ոչ մի այլ անդամ քաղցկեղի նման ախտորոշում չի ունեցել։

«Ձերբակալման պատմական արդյունքը... առաջացել է Ռոզետայի կողմից անխոհեմ պահված, թեեւ թաքցրած գրությունից»,- նշել է դատավորը օրդերում:

Ենթադրվում է, որ նա կարեւոր դեր է խաղացել իր մաֆիոզի ընտանիքում՝ հանդես գալով որպես գանձապահ։ Ոստիկանությունը պնդում է, որ նա եղբոր հետ շփվել է Fragolone կամ Big Strawberry ծածկանունով:

Օրդերում Ռոզալիան նկարագրվում է որպես «ծագում եւ ավանդույթներ ունեցող կին՝ ոգեշնչված ուղղափառ եւ կոշտ մաֆիոզ մշակույթով»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը