Մեկնաբանություն

01.10.2011 11:16


Շուրջօրյա հանրահավաքներ՝ վասն «երկխոսության»

Շուրջօրյա հանրահավաքներ՝ վասն «երկխոսության»

Ծիծաղելի էր հետևել Ազատության հրապարակում երեկ կազմակերպված ՀԱԿ–ի թատերականացված միջոցառմանը, որի ժամանակ նախապես պլանավորված և իշխանությունների հետ համաձայնեցված շուրջօրյա հանրահավաքի կամ նստացույցի անցկացումը մատուցվում էր իբրև «ժողովրդի պահանջ»։

Լևոն Տեր–Պետրոսյանը նույնիսկ «ինքնաբուխ» ելույթ ունեցավ շուրջօրյա հանրահավաքի մեկնարկը հայտարարելուց հետո՝ օգտվելով նախապես գրած տեքստից։

Մառազմն այն էր, որ այդ ընթացքում լրատվամիջոցներին ուղարկվեց Տեր–Պետրոսյանի ելույթը, որտեղ կար նաև հանրահավաքային սցենարը (խորհրդակցություն ՀԱԿ–ի ղեկավար կազմի հետ, հավաքվածներից կարծիք հարցնելու պահը և այլն)։ Մի խոսքով՝ էժանագին սերիալը թևակոխեց «հոգեբանական էքսցեսների» փուլ, ու քանի որ Սերժ Սարգսյանին հիմա կոնգրեսականները պետք են այնպես, ինչպես այս տարվա փետրվար–մարտ ամիսներին, ուստի՝ նստացույցի «սեզոնը» հայտարարվեց բացված։

Մնում է միայն ճշտել, թե պիցցաները հայտնի գործարարին պատկանող օբյեկտների՞ց են բերվելու հրապարակ, թե՞ այս անգամ իշխանություններն իրենց վրա են վերցրել շուրջօրյա հանրահավաքների կազմակերպման և հարակից ծախսերը (ինչեր չես անի հանուն «հանդուրժողականության»)։

Պարզվում է, որ «հիմա»–ն կամ «սկսել ա»–ն, որոնց այնքա՜ն սպասում էին զոմբիները, հանուն իշխանությունների հետ գյալաջիի էր։ Ինչպես ասաց Տեր–Պետրոսյանը՝ իրենք մաքսիմալիստ չեն ու երբեք էլ չեն եղել։ Ըստ այդմ՝ իրենց «հիմա»–ն միտված է ընդհատված «երկխոսությունը» վերսկսելուն։ Այսինքն՝ մարդկանց անձրևի տակ նստացրել են ոչ թե արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների հասնելու համար (Ս. Սարգսյանը նման հրահանգ չի տվել), այլ Կառավարության ընդունելությունների տանը դատարկաբանությունը շարունակելու «հուժկու» պահանջով (հի՛–մա՛, հի՛–մա՛, հի՛–մա՛...)։

Պարզվում է նաև, որ այն «ջրբաժանը», որի մասին այդքան խոսում էին նեոբոլշևիկները, տեղի ունեցավ. Տեր–Պետրոսյանը հերթական անգամ հիշեց Եղիազար Այնթապցու պատմությունը՝ դրանով իսկ ցույց տալով, որ շարունակելու է իր հլու–հնազանդ «էջմիածնական միաբանությունը» և պատրաստ է Սերժ Սարգսյանի համար նեոգեղամյանություն անել և այնքան «արմատական» է, որ շարքերին խնդրում է հինգ անգամ շատ մարդ բերել հանրահավաքի, որպեսզի ստիպի Սարգսյանին .... «երկխոսել»։

Ի դեպ, եթե չեք մոռացել՝ կրակոտ կոնգրեսականները մշտապես հայտարարում էին, թե մինչև սեպտեմբեր պետք է իշխանությունը հստակ կողմնորոշվի արտահերթի հարցում և այդ ժամանակահատվածի ավարտից հետո իրենք սպառված են համարելու «երկխոսության» միջոցով հարցերը կարգավորելու հնարավորությունները և գնալու են ջրբաժանի։

Տեր–Պետրոսյանն իր հերթին բացատրում էր, թե ինչու է ընդհատվել գյալաջին՝ հայտարարելով, թե իշխանության հետ բաց շփումներն առկախված են, քանի որ կա քաղբանտարկյալ որակված Տիգրան Առաքելյանի ազատության հարցը։

«Կա քաղբանտարկյալ՝ չկա երկխոսություն, չկա քաղբանտարկյալ՝ կա երկխոսություն։ Թող ուրիշ հարիֆ ման գան»,– «երկխոսության» առկախումը հիմնավորում էր ՀԱԿ առաջնորդը։

Եվ ահա պարզվում է, որ «սկզբունքային» Տեր–Պետրոսյանը, չնայած հարիֆության մասին իր հրապարակային դատողություններին, պատրաստ է «երկխոսության», և պատճառն այն է, որ ... Տիգրան Առաքելյանն է նամակով խնդրել։ Պատկերացնու՞մ եք, «երկխոսությունը» կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Տ. Առաքելյանն է։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Փաստորեն, եթե Տիգրան Առաքելյանը չլիներ՝ նրան պետք կլիներ հորինել՝ իշխանության հետ հրապարակավ սիլի–բիլի անելը առկախելու, իսկ այնուհետև վերսկսելու պատրաստակամություն հայտնելու համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երեկ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել և փաստացի հայտարարել, որ պատրաստվում է ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ զուգահեռաբար կոշտ գնահատականներ տալով վարվող տնտեսական քաղաքականությանը։

Իշխանությունների պատասխանը Քոչարյանին չուշացավ. Տեր–Պետրոսյանը «քննադատեց» Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ վերջինս իբր չի օգտվել Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության մոդելով առաջնորդվելու իրենց առաջարկից ու չի տարանջատվել Քոչարյանից։

Այսպիսով՝ ՀԱԿ–ն անցավ մեկ շաբաթ տևողությամբ շուրջօրյա հանրահավաքների, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցչի հետ Մանուշակ Պետրոսյանի կոնտակները բացահայտ դարձնելն է ու գյալաջիին երկրորդ շունչ հաղորդելը։ Ու չնայած պապիի հանձնարարած տնային աշխատանքը չէր կատարվել ու ՀԱԿ–ի 1-ը 5 չէր դարձել, որպեսզի կարողանային արժեք ներկայացնել «Եղիազարի» համար, բայց քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Տեր–Պետրոսյանին պահեցին հրապարակում, ինչով «զռռացրեցին», որ նստացույց կոչված խեղկատակությունն ի պաշտպանություն իշխանության է։

Հ.Գ.–2։ Գյալաջին վերականգնելու «կայֆը» երեկ մի փոքր կոտրեց Դավիթ Հարությունյանը, ով ենթադրաբար տեղյակ չի եղել կուլիսային պայմանավորվածություններից ու  անհասանելի էր, երբ Լևոն Զուրաբյանը զանգահարել էր նրան՝ հայտնելու, որ իրենք կազմ ու պատրաստ են Կառավարության ընդունելության տուն այցելելու համար։

Փաստորեն, ՀԱԿ–ում այնքան էին ցանկացել «երկխոսված» լինել, որ չէին համբերել ու ձգտել էին նույն օրը շփվել Սերժ Սարգսյանի հետ, թեկուզև միջնորդավորված։

Այս խորագրի վերջին նյութերը