Աշխարհ

07.03.2023 17:03


Պերուում վեց զինվորականներ են խեղդվել գետում՝ փորձելով փախչել ցուցարարներից

Պերուում վեց զինվորականներ են խեղդվել գետում՝ փորձելով փախչել ցուցարարներից

Պերուացի վեց զինծառայողներ են խեղդվել գետում, երբ փորձել են փրկվել իրենց վրա հարձակված հակակառավարական բողոքների մասնակիցներից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Պերուի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին. Պունոյի դեպարտամենտում մի խումբ ագրեսիվ տրամադրված ցուցարարներ փակել են զինվորական պարեկախմբի ճանապարհը։ Զինծառայողներն ընդհարման մեջ չեն մտել ցուցարարների հետ և շարժվել են դեպի գետը։ Հակակառավարական ցույցերի մասնակիցներն սկսել են հետապնդել զինվորականներին և քարեր նետել նրանց վրա։

Հորդ հոսանքների և վնասվածքների պատճառով վեց զինծառայողներ խեղդվել են, մնացածներին հաջողվել է անցնել գետը։ Հինգ զինվորականներ հոսպիտալացվել են:

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն հեռացվեց իշխանությունից բարձրագույն օրենսդիր մարմնի որոշմամբ։

Դրանից հետո երկրում սկսվեցին լայնածավալ հակակառավարական ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են պետության ղեկավար Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի ցրում և նոր ընտրությունների անցկացում։ Բողոքի ցույցերի ընթացքում բռնությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, վիրավորվել է ավելի քան 1600 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը