Աշխարհ

07.03.2023 18:00


Երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատվել է ավելի քան 100 միլիարդ դոլար

Երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատվել է ավելի քան 100 միլիարդ դոլար

Փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Նման հայտարարություն է արել Թուրքիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզա Վինտոնը ճեպազրույցի ժամանակ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մինչ օրս կատարված հաշվարկներից պարզ է, որ վնասի գնահատումները, որոնք ներկայացված են կառավարության կողմից, և որին հավանություն են տվել միջազգային գործընկերները, կգերազանցեն 100 միլիարդ դոլարը»,-ասել է Վինտոնը՝ տեսակապով հանդես գալով Թուրքիայի Գազիանթեփից։

Վինտոնը Թուրքիայի ամենաշատ տուժած Հաթայի նահանգում ստեղծված իրավիճակն անվանել Է «ապոկալիպսիս»՝ հայտարարելով, որ հարյուր հազարավոր տներ են ավերվել: «Կարիքները վիթխարի են, բայց միջոցները՝ սուղ»,-հավելել Է միջազգային պաշտոնյան։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատել էր 34,2 մլրդ դոլար. այդ գումարը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։ Վերականգնումն ու աղետի հետևանքների վերացումը կարող է ավելի թանկ նստել Թուրքիայի վրա:

«Զեկույցում նաև նշվում է, որ վերականգնման և վերակառուցման ծախսերը կլինեն շատ ավելի մեծ, գուցե կրկնակի, և որ ՀՆԱ-ի կորուստները, կապված տնտեսական խախտումների հետ, նույնպես կավելանան երկրաշարժերի վնասի գումարին»,-հայտարարել են Համաշխարհային բանկում: 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջմամբ։

Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը: Մարտի 6-ին Հաթայի նահանգում գրանցվել Է 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ տարերքի երկու նոր հարված։

Այս խորագրի վերջին նյութերը