Լրահոս

07.03.2023 19:09


51-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը

51-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ.-ի մարտի 6-ին ժամը 13:30-ի սահմաններում Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նա թողնելով կնոջն անօգնական վիճակում՝ հեռացել է:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նույն օրը «Կապանի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 51-ամյա տղամարդը 2014 թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար և որպես պատիժ նշանակվել է տուգանք:

Եվս մեկ՝ 2016 թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը