Աշխարհ

08.03.2023 00:24


Բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ (տեսանյութ)

Բախումներ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ հատուկ ուժերը փակել են Վրաստանի խորհրդարանի հետևի մուտքը։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ցուցարարները չեն ցրվում խորհրդարանի շենքի մոտից։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիայի թղթակիցը:

Հավաքվածները դեմ են այդ օրենքին, քանի որ, նրանց կարծիքով, այն խանգարում է Վրաստանի եվրաինտեգրմանը։

Ոստիկանությունն արդեն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ և պատրաստվում է ջրցան մեքենաներ գործի դնել։ Շենքին են մոտենում նաև հատուկջոկատայինները։

ՆԳՆ հատուկ ուժերը փողոցներում են հայտնվել, երբ մասնակիցների մի մասը փորձել է դրոշներով մոտենալ խորհրդարանի ծառայողական մուտքին: Ակցիայի մասնակիցների հիմնական մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի մոտ։
Պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

Ակցիայի կազմակերպիչները, որոնց թվում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, որոշել են շրջափակել խորհրդարանի շենքը։

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ տուժել են ոստիկանության ուժերի գործողություններից։

Բախումների ֆոնին պատգամավորներին խորհրդարանի շենքից տարհանել են ոստիկանության հսկողության ներքո։

Չնայած ընդդիմության պնդումներին, թե հանրահավաքը խաղաղ բնույթ է կրում, ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ ակցիան բռնի բնույթ է ստացել:

«Ուժայինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ակցիան ցրելու համար։ Տուժել են բողոքի ակցիայի մասնակիցները, լրագրողներն ու ոստիկանները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին ոստիկաններին և ցուցարարներին կոչ է արել դուրս չգալ օրենքի շրջանակից:

Նշվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն այցով գտնվում է ԱՄՆ-ում, չեղարկել է նյույորքյան հանդիպումները և դիմել երկրի բնակչությանը: Նա աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ վետո կդնի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը