Աշխարհ

09.03.2023 14:59


Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել հանրահավաքները՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետկանչմանը

Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել հանրահավաքները՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետկանչմանը

Ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են շարունակել հանրահավաքները Թբիլիսիում՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու մասին՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է «Գիրչի-ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ցոտնե Կոբերիձեն։

«Այսօր անպայման ակցիա տեղի կունենա, որովհետեւ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր չեն վստահում «Վրացական երազանքին»: Միայն մենք ենք այն բանի երաշխավորը, որպեսզի երկիրը դառնա Արևմուտքի մի մասը:

Մեզ հստակ պարզաբանում է անհրաժեշտ, թե նրանք ինչպես են ծրագրում հետ կանչել օրինագիծը»,-ասել է Կոբերիձեն՝ հավելելով, որ իրենք նաև իշխանություններից պահանջում են ազատ արձակել հանրահավաքները ցրելու ժամանակ ձերբակալվածներին։

Այսօր ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանից հետ է կանչում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ցույցեր այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրացական տարբերակը։

Երկու հանրահավաքներն էլ ավարտվել են ուշ գիշերին, ուժայինները ջրանետիչների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Բողոքի երկու օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 130 մարդ։ Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը, որն օտարերկրյա գործակալների գրանցման ամերիկյան օրենքի թարգմանությունն է։

Վրացական տարբերակի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող է լինել նաև լրատվամիջոցը, ըստ որում նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։ Խորհրդարանն արդեն վրացական տարբերակն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը