Լրահոս

17.03.2023 12:35


Ազատազրկված անձանց աշխատանքներով ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Ազատազրկված անձանց աշխատանքներով ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Մարտի 16-ին ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր «Գարունը որքան ծաղիկ է վառել» խորագրով ցուցահանդես, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ի ողջ ուսուցչական կազմը։

Ցուցահանդեսին ներկայացվել են անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործությունները՝ գծանկարներ, պոլիմերային կավից պատրաստված տարբեր աշխատանքներ և նկարներ ապակու վրա։ Ցուցահանդեսից հետո դատապարտյալների աշխատանքները, իրենց իսկ առաջարկով և ցանկությամբ, փակցվելու են հիմնարկի միջանցքներում և տեսակցությունների համար նախատեսված սենյակներում։

Միջոցառման ավարտին դատապարտյալները երախտագիտության խոսքեր են ուղղել կազմակերպիչներին և ուսուցչական կազմին՝ ստեղծագործելու հնարավորություն տալու և այդ ստեղծագործությամբ ապագայի հանդեպ իրենց լիահույս դարձնելու համար։

«Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս հայտնել է իր շնորհակալությունը հիմնարկի վարչակազմին, մասնավորապես հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներին՝ մշտապես օժանդակելու և աջակցելու համար, և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կտա սպասված արդյունքներն ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթական մակարդակում։

Այս խորագրի վերջին նյութերը