Լրահոս

18.03.2023 12:08


Զինվորների կյանքեր խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը երկու ամսով կալանավորվել է

Զինվորների կյանքեր խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը երկու ամսով կալանավորվել է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը երկու ամսով կալանավորվել է:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում մարտի 17-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,-նշել է նա և հիշեցրել, որ գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։

«Ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։

Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։

Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»,-հավելել է Աբրահամյանը:

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը:

Այս խորագրի վերջին նյութերը