Աշխարհ

27.03.2023 10:34


Իսրայելում ավելի քան 100 000 ցուցարար մասնակցել է վարչապետի դեմ ցույցին. բողոքի պատճառը ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունն է

Իսրայելում ավելի քան 100 000 ցուցարար մասնակցել է վարչապետի դեմ ցույցին. բողոքի պատճառը ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունն է

Իսրայելի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ինքնաբուխ ցույցի մասնակիցներին. ցույցը մի քանի ժամ շարունակվել է Թել Ավիվի արևելյան Այալոն մայրուղու վրա: Ցույցը ցրելու ժամանակ օգտագործվել են ջրցան մեքենաներ, ներգրավվել են հեծյալ ոստիկաններ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է իսրայելական 13 հեռուստաալիքը։

Ցուցարարները մի քանի ժամ արգելփակել են մայրուղին, կրակ են վառել և պատրաստվում էին ճանապարհին մնալ առնվազն մինչև առավոտ։ Որոշ ակտիվիստներ սկսել են վրաններ տեղադրել ճանապարհի վրա։ Ցուցարարների թիվը, Crowd Solutions մասնավոր ընկերության գնահատականների համաձայն, հասել է 105 000-ի։

Ի վերջո բոլոր ցուցարարներին հաջողվել է ցրել։ Դրանից հետո ոստիկաններն ամբողջությամբ փակել են մուտքը դեպի մայրուղի։

Իսրայելում մարտի 26-ի երեկոյան սկսված ինքնաբուխ բողոքի ցույցերի պատճառը վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնից հեռացնելու որոշումն էր։

Հայտնի է, որ Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին մեկ օր անց այն բանից հետո, երբ վերջինս կոչ էր արել իշխող կոալիցիային սառեցնել դատաիրավական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն «պառակտում» է առաջացրել։ Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով իսրայելական կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրությանը։

Գալանտը՝ Նեթանյահուի աջակողմյան «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչը, դարձել է առաջինը բարձրաստիճան պաշտոնյան, որը շաբաթ ուշ երեկոյան կոչ էր արել 1 ամսով սառեցնել Իսրայելի դատական համակարգը բարեփոխելու վիճահարույց օրենսդրական գործընթացը մոտ 200 000 քաղաքացու ներգրավմամբ տեղի ունեցած ցույցի ֆոնին։ Ըստ նրա՝ իրավիճակ սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար։

Կարճ հայտարարության մեջ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ վարչապետը պաշտոնանկ է արել Գալանտին: Ավելի ուշ Իսրայելի վարչապետն իր թվիթերյան էջում գրել է, որ «մենք բոլորս պետք է ամուր կանգնենք մերժման դեմ»:

Գալանտն այս հայտարարությունից անմիջապես հետո թվիթերյան իր էջում գրել է, որ «Իսրայել պետության անվտանգությունը միշտ եղել և կմնա իմ կյանքի առաքելությունը»:

Իսրայելի արդեն նախկին պաշտպանութան նախարարի՝ գործընթացը դադարեցնելու կոչը ողջունել էր իսրայելական ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդը՝ այն որակելով «համարձակ ու կենսական քայլ Իսրայելի անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ Իսրայելում զանգվածային ցույցերը սկիզբ են առել հունվարին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան հայտարարել է իր փոփոխությունների փաթեթը, որը, ըստ կառավարության, անհրաժեշտ է օրենսդիրների և դատական համակարգի միջև լիազորությունները վերահավասարակշռելու համար: Այս փոփոխության դեմ պայքարողները պնդում են, որ այս կերպ իշխանությունը փորձում է սահմանափակել դատական իշխանության գործունեությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը