Աշխարհ

27.03.2023 21:45


Աշխարհի բնակչությունը 2050 թվականին կարող է հասնել գագաթնակետին

Աշխարհի բնակչությունը 2050 թվականին կարող է հասնել գագաթնակետին

Աշխարհի բնակչությունը 2050 թվականին կարող է հասնել 8,6 միլիարդի գագաթնակետին և իջնել 7 միլիարդի մինչև 2100 թվականը, եթե զարգացման ներկայիս միտումները պահպանվեն: Երկուշաբթի՝ մարտի 27-ին, այս մասին հայտնել է New Scientist բրիտանական ամսագիրը։ Այն վկայակոչել է Earth4All մոդելին, որը մշակվել է «Հռոմի ակումբ» միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնության շրջանակներում։

«Նույնիսկ եթե թվերն այդքան սարսափելի չլինեն, ինչպես նախկինում ենթադրվում էր, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք»,-ասել է Earth4All զեկույցի հեղինակներից մեկը՝ Բենիամինո Կալեգարին:

2022 թվականի ամռանը ՄԱԿ-ը հրապարակեց իր զեկույցը, որից հետևեց, որ մինչև 2080 թվականը աշխարհի բնակչությունը կհասնի 10,4 միլիարդի գագաթնակետին։ 2022 թվականի նոյեմբերին, ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի բնակչությունն անցել է 8 միլիարդի սահմանագիծը։

«Մենք գիտենք, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում արագ տնտեսական զարգացումը հսկայական ազդեցություն ունի ծնելիության վրա»,-ասել է Earth4All ծրագրի ղեկավար Պեր Էսպեն Սթոքնեսը: «Այն նվազում է, երբ աղջիկները ստանում են կրթություն, իսկ կանայք ստանում են տնտեսական աջակցություն և լավագույն բժշկական սպասարկումը»,-հավելել է նա:

ՄԱԿ-ում պարզաբանել են, որ ծնելիության ամենաբարձր ցուցանիշները, որպես կանոն, նկատվում են ամենացածր եկամուտ ունեցող երկրներում։ Թիվն աճում է հիմնականում աֆրիկյան երկրների հաշվին, ինչը կարող է խանգարել նրանց կայուն զարգացման ոլորտում նպատակների հասնել։

Միևնույն ժամանակ, կլիմայի փոփոխության վրա ամենաուժեղ ազդեցությունն ունեն ամենաբարձր եկամուտներն ու սպառման ծավալները ունեցող երկրների բնակիչները։ Փորձագետները եզրակացրել են, որ ոչ միայն տնտեսության փոփոխությունները կարող են օգնել սահմանափակել գլոբալ տաքացման տեմպերը, այլև բնակչության աճի տեմպերի նվազումը, եթե բնակչության թվաքանակը անփոփոխ մնա «երկար տասնամյակներ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը