Լրահոս

27.03.2023 17:28


Գիտնականներին հղում անելով ծառերի զանգվածային հատումները տեղին չեն․ ԳԱԱ ինստիտուտ

Գիտնականներին հղում անելով ծառերի զանգվածային հատումները տեղին չեն․ ԳԱԱ ինստիտուտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևան քաղաքում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ։ Այս մասին հայտարարեց ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։

«Մոտ մեկ ամիս առաջ ստացանք հրավեր Երևանի քաղաքապետարանից, որպեսզի ապահովենք ինստիտուտի մասնագետների մասնակցությունը Երևանի կանաչապատման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվել է Երևանում հիվանդ, դեֆորմացված ծառերի արժեքավոր տեսակներով փոխարինման և ինվազիվ տեսակների հեռացման հարցը, ինչը ողջունվել է մասնագետների կողմից։ Կազմվել է արձանագրություն, որը հրապարակված է։ Մեկ ամիս անց Երևանի կենտրոնում սկսվեցին ծառերի զանգվածային հատումները։ Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հղում են անում գիտական կարծիքի և գիտնականների վրա, ինչը տեղին չէ։ Մեր ինստիտուտի գիտնականները հայտնել են կարծիք ընդհանուր գաղափարի՝ հիվանդ ծառերի փոխարինման վերաբերյալ»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Նա նշեց, որ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար պետք է լինի հստակ մշակված ծրագիր։ «Մեր ինստիտուտը նման ծրագիր չի ստացել, չի քննարկել և չի արձագանքել։ Մենք ունենք պետություն, և պետության մեջ գործում են մասնագիտացված պետական ինստիտուտներ և կառույցներ, որոնց պետք է դիմել, դիտողություններ և առաջարկություններ ստանալ։ Սա շատ կարևոր գործընթաց է, բայց այն տեղի չի ունեցել։ Ցանկացած հատման դեպքում ծառի կենսունակությունը պետք է որոշվի մասնագետների կողմից, ներկայացվի հիմնավորում՝ ինչու է հատվում և ինչ է տնկվելու։ Ըստ էության, մասնագիտացված կառույցներն այս ամենի հետ ոչ մի առնչություն չունեն, և Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի անունը շահարկվում է ըստ կարիքի»,-ասաց Արսեն Գասպարյանը։

Ըստ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի՝ այս գործընթացն ունի նաև հանրային բաղադրիչ․ «Իմ կոչն է՝ ներկայացնել, հանրայնացնել ամբողջական ծրագիրը, մասնագիտական հիմքերը յուրաքանչյուր փողոցի, ծառի համար։ Ամբողջ աշխարհում ավելի գերադասում են օգտագործել տեղական տեսակները, որովհետև ավելի կայուն և դիմացկուն են։ Բուսաբանության ինստիտուտը վերջերս իրականացրել է հետազոտություն, ներկայացրել տեսակները Երևանի համար, որոնք նպաստավոր են կլիմայի փոփոխության երկարաժամկետ հեռանկարում։ Քաղաքապետարանը մասնակցել է քննարկումներին և ունի այդ ուղեցույցը։ Խորհուրդ կտամ օգտվել գիտության արդյունքներից»։

Արսեն Գասպարյանն առաջարկում է անհապաղ սկսել քաղաքային բնապահպանական ռազմավարության մշակում։ «Այսօր չկան սահմանված և չափելի ռազմավարական նպատակներ, իսկ քաղաքը մի ամբողջ էկոհամակարգ է։ Եթե մենք չունենք բնապահպանական ռազմավարություն, մանրամասն ներկայացված ոլորտային գործողությունների ծրագիր, ապա արագ կերպով նման ազդեցություն ունեցող որոշումներ կայացնելը տեղին չեմ համարում։ Կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը կասեցվի, ծրագիրը մանրամասն մշակվի, ներկայացվի հանրային և մասնագիտական լայն քննարկման, ստացվի մասնագիտացված կառույցների արձագանքը, կատարվեն համապատասխան փոփոխություններ և դրա հիման վրա, հանրությանը պատշաճ իրազեկելու պայմաններում, իրականացվեն գործողություններ։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ մեր քաղաքի համար լավ լինի»,-ասաց Արսեն Գասպարյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

27.03.2023թ.

Այս խորագրի վերջին նյութերը