Լրահոս

30.03.2023 16:23


Իրանի 37-ամյա քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է 8 մետր բարձրությունից ու վնասվածքներ ստացել․ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն կյանքը հաջողվել է փրկել

Իրանի 37-ամյա քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է 8 մետր բարձրությունից ու վնասվածքներ ստացել․ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն կյանքը հաջողվել է փրկել

Երեկ՝ մարտի 29-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկեցին քաղաքացու կյանքը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության խումբը «պոլիտրավմա, գլխուղեղի փակ վնասվածք, որովայնի ներքին արյունահոսություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և գտնվում է վիրահատարանում։

«Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները նախ կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը, ապա մի քանի ժամ կենաց-մահու պայքար են տարել նրա կյանքի համար։ Եվ երբ տեսել են, որ վիրավորը դուրս է եկել օրհասական վիճակից, նրան ռեանիմոբիլով տեղափոխել են «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղից էլ Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են՝ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Մեհդի Բախտիարինն է։

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Նազարյան Քուլինգ Սիստեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 8 մետր բարձրությունից ընկել է ու ստացել նշված վնասվածքները։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որի ընթացքում պետք է պարզվի նաև՝ արդյո՞ք նշված ՍՊԸ-ում աշխատանքային անվտանգության կանոնները պաշտպանված են, թե՞ տիրում է բարձիթողի վիճակ։

Այս խորագրի վերջին նյութերը