Լրահոս

30.03.2023 23:45


Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել

Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել

Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի:

Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել բաժնի օպերատիվ խումբը, փորձագետ ու քննիչ: Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սակայն ամեն մի փաստ ճշտելուց հետո պատասխանների փոխարեն առաջանում էին նոր հարցեր: Արդեն հաջորդ օրը ստացվեց գլխավոր պատասխանը: Պարզվեց, որ կատարվածը ոչ թե գողություն էր, այլ գողության բեմականացում, իմիտացիա: Ձեռնարկված միջոցառումներով հիմնավորվեց, որ մոտ մեկուկես տարի է՝ ինչ հաղորդում տվողի կինը տևական ժամանակ ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ ամուսնուն խաբելով՝ պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար: Եվ որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան` մարտի 27-ին խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, և ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն: Իսկ ոստիկանության խնդիրը իրականության բացահայտումն է:

Կինը խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը