Լրահոս

06.04.2023 17:20


Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը. կարգում առկա են փոփոխություններ

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը. կարգում առկա են փոփոխություններ

Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը: Նրանք, որոնք այս տարվա շրջանավարտներ են, դիմում են իրենց դպրոցի տնօրենին, իսկ նրանք, որոնք նախորդ տարիների շրջանավարտներ են, կարող են դիմել ԳԹԿ-ի առանձնացրած կրթական հաստատություններ անձնական ծածկագիր ստանալու համար:

«Ինչպես գիտեք, այս տարի շրջանավարտներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն է տրվում: Հունվար-փետրվարին արդեն որոշ շրջանավարտներ հանձնել են իրենց քննությունը: Նրանք, որոնք արդեն հանձնել են իրենց քննությունները նախորդ ամիսներին, կարիք չունեն ԳԹԿ նոր անձնական համար ստանալու: Նրանք օգտվում են իրենց հին անձնական համարից: Դեռ քննություն չհանձնած շրջանավարտները պետք է անպայման ունենան այդ անձնական համարը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Արդեն քննություն հանձնած շրջանավարտները, եթե գոհ են իրենց գնահատականներից, ապա կարող են դրանք օգտագործել մրցույթի համար և կրկին քննություն չհանձնել: Եթե չեն բավարարել այդ գնահատականները, ապա կարող են հանձնել նոր քննություններ՝ ներկայացնելով դիմում:

«Դիմում ներկայացնելիս՝դիմորդ շրջանավարտը նշում է բուհը, մասնագիտությունը, դրա համար պահանջվող քննությունները: Շրջանավարտները քննությունների իրենց գնահատականներով մասնակցում են մրցույթին: Ասեմ, որ մրցույթ անցկացվելու է երկու փուլով: Դիմորդն առաջին փուլից դուրս մնալու պարագայում կարող է մասնակցել նաև երկրորդ փուլին: Առաջին փուլում նշվում է մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Առաջին փուլից դիմորդի դուրս մնալու դեպքում, երբ դիմորդը մասնակցում է մրցույթի երկրորդ փուլին, կարող է նշել 6 բուհ 6 մասնագիտություն, եթե, իհարկե, ունի տվյալ մասնագիտությունների համար դրական գնահատականներ»,-ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի կառավարության որոշմամբ ընդունելության կարգում կատարվել է փոփոխություն: Երկար ընդմիջումից հետո դիմորդ-շրջանավարտներին կրթության հիմքով տարկետման իրավունքի հնարավորություն է տրվում: Տարկետման համար առանձնացվել են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններն ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն ներկայացնող ճյուղեր են: Այս մասնագիտությունների գծով առանձնացվել են անվճար տեղեր, որտեղ ընդունված արական սեռի դիմորդները ստանում են տարկետում ծառայության զորակոչից: Դա գործելու է 4 տարի:

«Ինչպես գիտեք, ուսանողը սովորելու ընթացքում անվճար համակարգից կարող է անցնել վճարովի համակարգի: Ասեմ, որ անվճար ընդունված և տարկետում ստացած արական սեռի ներկայացուցիչը վճարովի համակարգ անցնելու դեպքում չի զրկվում տարկետման իրավունքից»,-հավելեց Կարո Նասիբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը