Աշխարհ

14.04.2023 11:50


Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ է ծնվել» ֆիլմում խաղացած դերով, որի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում, և հաղթել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ «Shallow» երգի համար: Նա նաև նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն. հյուրանոց» ֆիլմում՝ արժանանալով «Ոսկե գլոբուսի»:

Time ամսագիրը նրան դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հասարակական արշավներով։

Լեդի Գագան բազմիցս ելույթ է ունեցել Բայդենի քարոզարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ և ակտիվորեն մասնակցել նրա աջակցության քարոզարշավին: 2021 թ.-ի հունվարին նա կատարել է ԱՄՆ օրհներգը Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ։

Լեդի Գագայից բացի, ԱՄՆ նախագահը հանձնաժողովի համանախագահ է նշանակել նաև պրոդյուսեր Բրյուս Քոհենին։

Արվեստի և մշակույթի հանձնաժողովը, որը ստեղծվել է 1982 թ.-ին, խորհուրդներ է տալիս ԱՄՆ նախագահին մշակութային քաղաքականության հարցերում։ Ավանդաբար հանձնաժողովի պատվավոր նախագահն է լինում ԱՄՆ առաջին տիկինը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվում հայտնի արտիստներ, գիտնականներ և բարերարներ:

Այս խորագրի վերջին նյութերը