Աշխարհ

14.04.2023 19:31


«Իրանի համբերությունն էլ սահման ունի». Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադ

«Իրանի համբերությունն էլ սահման ունի». Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադ

Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում հատուկ հարգանք է տածել իր հարևանների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, գրում է 1lurer.am-ը:

«Իրանն իր հյուսիսարևմտյան հարևանների, հատկապես՝ Ադրբեջանի հետ շատ ընդհանրություններ ունի, և մենք միշտ հարգել ենք այս երկիրը: Ադրբեջանը պետք է իմանա, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը (Իրաքը - խմբ.) մի անգամ սխալվեց, և չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը՝ 8 տարվա ընթացքում չկարողացավ Իրանի դեմ կանգնել, այդ իսկ պատճառով Ադրբեջանի պետական այրերին խորհուրդ ենք տալիս պահել և հարգել բարիդրացիականության սկզբունքը»,-ասել է նա:

Նիքզադն անդրադարձել է նաև Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը՝ շեշտելով, որ այն անձնական դրդապատճառներով է եղել: «Հիմա եթե մի անգետ մարդ մի սխալ է արել, նրանք պետք է փակե՞ն դեսպանատունը կամ հանե՞ն դիվանագետներին և այլ բաներ խոսեն: Այդ դեպքից հետո մեր նախագահը կապ է հաստատել Ադրբեջանի նախագահի հետ, խորհրդարանի նախագահն էլ է ուղերձ հղել և ափսոսանք հայտնել, ես ինքս Թեհրանում Բաքվի դեսպանատան երկրորդ անձի հետ եմ զրուցել: Իրանը մինչ այժմ իրեն պատվով է պահել, ուստի խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ պատմությանը և ճիշտ վարքագիծ դրսևորել: Վերջին օրերին Ադրբեջանը 4 դիվանագետի է արտաքսել, և, անշուշտ, մեր ԱԳՆ-ն էլ փոխադարձ գործողություն կձեռնարկի, բայց այս վարքագիծը լավ ավարտ չունի»:

Նիքզադն ընդգծել է. «Իրանը առանձնահատուկ հարգանք է տածում Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, հետևաբար, որպես իրանցի մուսուլման, պատգամավոր և ազարիախոս ընդգծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրություններից: Իրանը մինչև հիմա համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի: Մենք ոչ մի հակասություն չունենք, երկու երկրների սահմանները, իշխանությունները, տեսակետները հստակ են, երկրներից յուրաքանչյուրն անկախություն ունի, բայց ադրբեջանցիները պետք է պատմությունը չմոռանան: Եթե Ադրբեջանում սիոնիստական (Իսրայելի բնորոշումն Իրանում - խմբ.) խումբ էլ տեղակայվի, նրանք չեն կարող ոչինչ անել: Մեր սիրտը ցավում է Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերությունն էլ սահման ունի»:

Այս խորագրի վերջին նյութերը