Քաղաքական

17.04.2023 16:41


Երեկ մեր մոտ էլ են կրակոցներ եղել․ ադրբեջանական դիրքերին մոտ ապրող բնակիչները լսել են, թե ոնց են ավտոմատից կրակում․ Կութի նախկին վարչական ղեկավար

Երեկ մեր մոտ էլ են կրակոցներ եղել․ ադրբեջանական դիրքերին մոտ ապրող բնակիչները լսել են, թե ոնց են ավտոմատից կրակում․ Կութի նախկին վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակչներն անասուններին դեռ գոմում են պահում․ մի կողմից եղանակային պայմանները, մյուս կողմից՝ գյուղի գլխավերևում դիրքավորված ադրբեջանցիները, թույլ չեն տալիս, որ անասուններին արոտ տանեն։

«Դեռ համարյա ամեն օր ձյուն կամ անձրև ա գալիս, գարնանացանը չենք սկսել դեռ։ Որ եղանակները բացվեն էլ, չգիտենք, թե ոնց ենք անելու։ Արոտավայրերն ու խոտհարքերն ամբողջությամբ թուրքի քթի տակ են։ Ամեն տարի Վարդենիսից հովիվ էր գալիս, համ իր անասուններին էր բերում մեր մոտ արածացնում, համ էլ մեր անասուններին էր պահում։ Էս տարի չգիտեմ՝ կգա, թե չէ․ մեկ ասում են գալու է, մեկ ասում են՝ չի գալու, վախենում է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կութի նախկին վարչական ղեկավար Կիմա Չիտչյանը։

Գյուղի վարելահողերը, բարեբախտաբար, ներքի հատվածում են՝ թշնամու դիրքերից որոշակի հեռավորության վրա։

Ինչպես նշեց Չիտչյանը, յուրաքանչյուր ընտանիքի մարզպետարանը 1 հա-ի հաշվով գարու սերմացու է տրամադրել․ հիմա սպասում են, որ սերմը հողը գցեն։

«Ինչ էլ լինի, վախը սրտներումս է։ Թշնամին գլխներիս վերևում կանգնած է։ Մեր տան բակում կանգնած լինեմ, կարող են էնտեղից խփել։

Տներից որ նայում ենք, տեսնում ենք՝ ոնց են հերթափոխ անում, իջնում մեր կողմ, բարձրանում․․․ Երեկ Սոթքում էլ են կրակել, մեր կողմում էլ։

Ում տունը մոտ է դրանց (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) դիրքերին, երեկ լսել են ավտոմատի կրակոցների ձայները»,-ասաց Չիտչյանը՝ հավելելով, որ կրակոցները պարբերական բնույթ են կրում արդեն տևական ժամանակ, իսկ 2022թ․ սեպտեմբերից հետո, երբ թշնամին ավելի է խորացել ՀՀ ինքնինշքան տարածքում, ավելի են ինտենսիվացել։

Այս խորագրի վերջին նյութերը