Աշխարհ

24.04.2023 16:58


Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:

1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:

Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:

Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով»,-նշել է Ջո Բայդենը:

Աղբյուրը` armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը