Լրահոս

26.04.2023 08:00


Ծեծկռտուք Արարատի մարզում. մասնակիցների թվում են Արտաշատի փոխհամայնքապետը, Արևշատի համայնքապետն ու «Էրեբունցի Ծյոմը»

Ծեծկռտուք Արարատի մարզում.  մասնակիցների թվում են Արտաշատի փոխհամայնքապետը, Արևշատի համայնքապետն ու «Էրեբունցի Ծյոմը»

Ապրիլի 16-ին պաշտոնյաների մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «կանաչ կիրակի» կոչվող տոնին Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Մակիտոն Հակոբջանյանի որդին՝ 19-ամյա Տիգրան Հակոբջանյանը, Վարդաշեն գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել է Լանջազատ գյուղի բնակիչներ 17-ամյա Դավիթ Նազարյանի, 25-ամյա Հրահատ Նազարյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են), 23-ամյա Արսեն Մարտիրոսյանի, 25-ամյա Ֆրունզե Հովհաննիսյանի, 25-ամյա Միշա Այվազյանի և 24-ամյա Էդվարդ Այվազյանի (վերջիններս հարազատ եղբայրներ են) հետ և ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը նշված ծեծկռտուքի հետ կապված հարցի շուրջ Արևշատ գյուղում գտնվող Ծիրանի այգիներում Մ. Հակոբջանյանը, վերջինիս եղբայր 48-ամյա Հրայր Հակոբջանյանը, ով Արտաշատ խոշորացված համայնքի փոխհամայնքապետն է, «Խան Սամո» մականվամբ Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանը, Լանջազատ գյուղի բնակիչ 27-ամյա Նարեկ Նիկողոսյանը, Արևշատ գյուղի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Մկրտչյանը, 44-ամյա Ստեփան Նիկոլյանը, ով Արևշատ համայնքի համայնքապետն է, և նրա որդի՝ 19-ամյա Գոգոլ Նիկոլյանը ծեծի են ենթարկել Տ. Հակոբջանյանի հետ վիճաբանած և նրան ծեծի ենթարկած նշված անձանց:

Ոստիկանությունում ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիճաբանությանը միջամտել է Երևանի բնակիչ, 51-ամյա «Էրեբունցի Ծյոմ» մականվամբ Արտեմ Ավագյանը, ում այդ հարցով դիմել է Էդվարդ և Միշա Այվազյանների հայր, Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 50-ամյա Նահապետ Այվազյանը: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ նշված հավաքի ժամանակ Հ. Հակոբջանյանն ու Ս. Բարսեղյանը, Ա. Ավագյանի և Ն. Այվազյանի ներկայությամբ ծեծի են ենթարկել Է. Այվազյանին և նվաստացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը