Տնտեսական

27.04.2023 16:32


Այս տարվա առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 %-ով. «Լույս» հիմնադրամ

Այս տարվա առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 %-ով. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։

«2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:

Արդյունաբերության աճի տեմպն արագացել է, սակայն, քանի որ այն կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ, ապա կարող ենք նշել, որ արդյունաբերության ոլորտում խնդիրները դեռևս պահպանվում են՝ վտանգելով տնտեսության աճի երկարաժամկետ ներուժը:

Պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով նախորդ ամիսների մտահոգությունները հաստատվում են։ 2023թ. առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 30.4 մլրդ դրամի կապիտալ ծախս (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), մինչդեռ ըստ բյուջեի պլանի նախատեսված էր իրականացնել 98.1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70%-ով թերակատարվել են: Սա ցույց է տալիս, որ կառավարության ջանքերը կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ուղղությամբ նշանակալի արդյունքների չեն հանգեցրել: Այս իրավիճակում, վտանգի տակ է դրվում նաև 2023 թ. պետական բյուջեի կապիտալ ծախսերի տարեկան պլանի իրականացումը, ինչն իր հերթին կվտանգի նաև բարձր տնտեսական աճի ձևավորումը:

Հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկային եկամուտների աճի տեմպը 2023թ. հունվար-մարտին կազմել է 15.2%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 2.5 տոկոսային կետով: Սակայն անվանական տնտեսական աճը նույն ժամանակահատվածում ավելի բարձր է եղել` կազմելով շուրջ 20.3%, ինչը նշանակում է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հետ է ընկնում տնտեսական ակտիվությունից: Այս պարագայում վտանգի տակ է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության պլանավորված բարելավումը 2023 թվականին»:

Այս խորագրի վերջին նյութերը