Քաղաքական

28.04.2023 12:58


Հարձակումը եղել է 5 ուղղությամբ, ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ 8․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին

Հարձակումը եղել է 5 ուղղությամբ, ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ 8․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրկանացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։

Ասրյանը հայտնել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ մոտ 8 կիլոմետր։ ԶՈւ գնահատմամբ՝ Ադրբեջանական զինուժի նպատակն էր Ջերմուկի գրավումը՝ դրանով իսկ ՀՀ-ին տնտեսական լուրջ հարվածներ հասցնելու համար։

Ինչպես ընդգծել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի զինուժի առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։

«2021 թվականին նրանց գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը դրան ռազմական ագրեսիա էին Հայաստանի Հանրապետության հանդեպ»,-ասաց Ասրյանը՝ հավելելով, որ հարձակման ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն կիրառել է հրթիռային, հրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու քաղաքացիական օբյեկտներին։ Նրա խոսքով՝ մեծ վնասներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես մինչ այս պահը չի գործում Ջերմուկի ճոպանուղին։

Էդվարդ Ասրյանը նշել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի թիրախում միայն Ջերմուկը չի եղել։ Հակառակորդը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակվել է 5 ուղղությամբ, որոնցից 2-ը Սյունիքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Վայոց Ձորի։

«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Զինված ուժերը կրեցին կորուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք նաև տարածքային կորուստներ։ Ներկա պահին հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում»,-ասաց Ասրյանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղում ցույց տվեց նաև, թե Ջերմուկի ուղղությամբ որտեղով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և որտեղ են հիմա տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկա իրավիճակին՝ Ասրյանը նշել է, որ այս պահին ընդհանուր իրադրությունը հարաբերականորեն կայուն է, բայց երբեմն արձանագրվում են կրակոցներ հակառակորդի կողմից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը