Լրահոս

29.04.2023 17:33


Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. ինչ է սպասվում Հայաստանին

Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. ինչ է սպասվում Հայաստանին

Ո՞րն է գլխավոր խնդիրը, որ ծառացած է այսօր Հայաստանի առջև, ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները նոր ու վտանգավոր բախումներից ու ցնցումներից խուսափելու համար: Այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկման շրջանակում:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Արևմուտք-ՌԴ գլոբալ աշխարհաքաղաքական առճակատումը չի թուլանում, որը հսկայական ջանքեր է խլում երկու կողմերից էլ և որոշում աշխարհում զարգացումների ընթացքը: Այդ զարգացումները չեն կարող չազդել նաև մեր տարածաշրջանի վրա: Ըստ բանախոսի, Հարավային Կովկասում ձևավորվել է մի իրավիճակ, երբ Արևմուտքի երկրները ակտիվ գործունեություն են ծավալում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում և լուրջ մրցակցություն մեջ են իրենց ազդեցությունն ամրապնդելու առումով:

«Կարևոր է հասկանալ, որ ՌԴ և Արևմուտքի միջև ԼՂ հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի և բովանդակության հարցում հակասություն չկա և ընդունելի է այն մոտեցումը, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը: Բայց կա հակասություն, թե ո՞վ և ինչպե՞ս է առաջ մղելու այդ գործընթացը, և հենց այստեղ են խնդիրներն: Ու այս իրավիճակում կարևոր է, որ մեր երկիրը չդառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ»,- ասաց նա:

Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի առաջ այսօր մի քանի խնդիր կա. աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում չկորցնել դաշնակիցների, այլ փորձել գտնել ռեսուրսներ այդ դիրքերն ամրապնդելու համար: Հասկանալ, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը ՀՀ-ին է օգուտ և մեր երկիրը դրանով ևս ուժեղանում է: Չանել քայլեր, որոնք կարող ենք խաթարել ՀՀ դիրքը իբրև ՌԴ բարեկամի ու դաշնակցի: «Չափազանց կարևոր է հասկանալ, որ ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին փնտրել օգուտներ, դիվիդենտներ ուղղակի մեծ միամտություն է, որը փոքր երկրները իրենց թույլ տալ չեն կարող: Հարկ է զսպվածություն ցուցաբերել և չկորցնել ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը»,-հավելեց Արամ Սաֆարյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, թե ո՞ր կետից սկսվեց մեր երկրի աղետալի էջերի հաշվարկը: Ըստ նրա, 2018 թվականին Ջոն Բոլթոնը Հայաստանում հնչեցրեց վտանգավոր թեզեր՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի մեր պատմության կաղապարներից, նաև ասաց, որ Հայաստանի համար կան շատ այլընտրանքներ, այդ թվում՝ զենքի վաճառքի բնագավառում, և այստեղից է, որ սկսվեց նաև ՀՀ իշխանությունների հակառուսականության քաղքականության հստակ գիծը:

«Արևմուտքն այսօր երկու խնդիր է լուծում՝ սերմանել Արցախի ազգաբնակչության շրջանում ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն, պարտադրել ճանաչել ՀՀ-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը Փաշինյանն անում է Պրահայից սկսած: Եվ սա ևս ՌԴ դեմ է, որն Արցախում այսօր ապահովում է հայ բնակչության անվտանգությունը: Ցավոք, ՀՀ իշխանությունները Բոլթոնի երևանյան այցից սկսած կատարում են Արևմուտքի առաջադրանքը, որն ունի երկու ուղղություն՝ Արցախ և Թուրքիա: Եթե ՀՀ-ն ու Թուրքիան բարեկամանում են, ապա ՀՀ իշխանությունը հենց հաջորդ օրը ՌԴ-ին կասի, որ մենք այլևս անվտանգության սպառնալիք չենք տեսնում ու փորձեն ասել հաջողություն: Այսինքն, կա հստակ առաջադրանք բարեկամանալ Թուրքիայի հետ, որի համար նաև ուրանում են Ցեղասպանությունը և հանձնել Արցախը»,-ասաց Քոչարյանը:

Եվ այս ամենը, ասաց նա, ուղիղ կապ ունի ՌԴ-Արևմուտք առճակատման հետ և երբ ՌԴ դիրքերը ուկրաինական ճակատում ուժեղանում են, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու իշխանության տրամադրությունները մարում են, ու հակառակը:

Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ մեր երկիրը հապաղելու ժամանակ այլևս չունի, քանի որ մեր տարածաշրջանը վերածվել է լրջագույն թատերաբեմի, որտեղ նոր խաղացողներ են հայտնվել՝ նոր խաղի կանոններ մտցնելու ցանկությամբ: Ու այդ ամենի հիմքում ՌԴ դեմ քաոսային իրավիճակ ստեղծելն է:

«Այս խաղը մի քանի անգամ բարդանում է և մեր տարածաշրջանում ականատեսն ենք ոչ միայն ՌԴ-Արևմուտք առճակատման, այլև Մերձավոր Արևելքի ակտիվացման: Եվ ամենին վտանգավորն այն է, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն կարողանում ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, այն է՝ Արևմուտքի ձեռամբ փորձ է արվում ստեղծել քաոս: Եվ դժվար է պատկերացնել, թե նման արտաքին քաղաքական կոնցեպտով ինչպես են իշխանությունները մեր երկիրը զերծ պահելու ցնցումներից, որոնք շատ մոտ են. աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Հարավային Կովկասը դառնում է թիվ մեկ կարևոր գործոն, և այս պայմաններում ՀՀ-ում պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ունենան հստակ աշխարհաքաղաքական գործընթացների ընկալում, փորձելով կարգավորել հարաբերությունները մեր դաշնակիցների հետ»,-շեշտեց Ղուկասյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը