Լրահոս

01.05.2023 15:59


Մյասնիկյան պողոտայում սպանվածը Նիդեռլանդների քաղաքացի է. ՔԿ

Մյասնիկյան պողոտայում սպանվածը Նիդեռլանդների քաղաքացի է. ՔԿ

Մյասնիկյան պողոտայում սպանված տղամարդը, ըստ նախնական տվյալների, Նիդեռլանդների քաղաքացի է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 54-ամյա տղամարդ է մահացել, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի դռան վրա՝ կրակոցի հետք։

«Գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակը հայտնաբերվել է շքամուտքի մոտ։ Պարզվել է, որ նա նույն շենքի բնակիչ է, ըստ նախնական տվյալների` Հոլանդիայի քաղաքացի»,–ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնումքրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) մասերով։

Այս խորագրի վերջին նյութերը