Մեկնաբանություն

06.05.2023 00:10


«Բանակցվում» է Հայաստանի հարցը, իսկ Հայաստանը սեղանի վրա է

«Բանակցվում» է Հայաստանի հարցը, իսկ Հայաստանը սեղանի վրա է

Շատերի ընկալումներում կա թյուր պատկերացում, թե Վաշինգտոնում Փաշինյանի ԱԳ նախարարը, ամերիկյան միջնորդությամբ, Բայրամովի հետ «բանակցում» էր Արցախի խնդրի շուրջ: Սա ոչ միայն սոսկ թյուր, այլ իրականությանը չհամապատասխանող պատկերացում է, քանի որ Արցախի հարց, որպես այդպիսին, առնվազն Փաշինյանի ու նրա մանկլավիկության համար արդեն գոյություն չունի:

Փաշինյանն Արցախն ուրացել է ոչ միայն թուրքերի հետ համագործակցաբար հայության դեմ իր իսկ հրահրած պատերազմից հետո ու պատերազմով, այլև ավելի կոնկրետ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրագայում: Իսկ օրերս էլ, կհիշեք, ապրիլի 18-ին ԱԺ-ում, հատկապես ի լուր Ալիևի հայտարարեց, որ վերահաստատում է իր կողմից Արցախի ուրացումը:

Այն, որ ամերիկյան բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ են տարածում, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Ադրբեջանի ցանկացած տարբերակով) ճանաչելը «բանակցային» ամենից դժվար հարցերից մեկն է մշտապես եղել, բայց այս անգամ այդ հարցում «զգալի առաջընթաց» է արձանագրվել, վերը նշված ուրացման ևս մեկ լրացուցիչ ապացույց է:

Եվ հետո, այս վերջին 4-5 «բանակցային» օրվա ընթացքում այդ գործընթացում ներգրավվածներից քանի՞ անգամ լսեցիք Արցախ բառը, էլ չենք խոսում՝ Արցախի հայության ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին որևէ, թեկուզ կիսաշշուկով արված արտահայտություն: Այսինքն, Փաշինյան-Ալիև զույգն Արցախի պատկանելության, Արցախի կարգավիճակի հարցերն այլևս փակված է համարում և ընկալում:

Իրականում Վաշինգտոնում դրված էր Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության, որպես պետական կազմավորման հետագա գոյության հարցը: Կարող եք ամենևին չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն էլ է պատրաստ կամ պատրաստվում հանձնել թշնամուն՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Կոնկրետ Ադրբեջանին վերջին երկուսուկես տարվա ընթացքում փաստացի արդեն ավելի քան 130-140 քառակուսի կիլոմետր Հայաստան հանձնել է:

Նիկոլ Փաշինյանն աշխարհից, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ից, Ֆրանիայից, երբեմն էլ՝ Ռուսաստանից ընդամենը երաշխիքներ է մուրում: Չէ՛ Հայաստանի կամ Արցախի համար չէ, այլ իր և իր ընտանիքի ֆիզիկական անվտանգության, ապահովության երաշխիքներ: Դատելով այն արագությունից, որով Նիկոլ Փաշինյանը շուրթերը պոկեց «ռուսական սապոգից» ու վազեց Արևմուտքի ուղղությամբ, ԱՄՆ-ն նրան կարծես խոստացել է անձնական երաշխիքներ: Սա է այդ ամբողջ «դիվանագիտական հարայհրոցի» տակ Փաշինյանի հետամտած հիմնական նպատակը:

Կարող է հարց ծագել, թե ինչ ենք շարունակ չակերտներում նշում «բանակցել»-ը: Դա կռահելի է, կարծում ենք: Իրավիճակում, երբ դու բանակցավայրում ես, բայց ոչ թե բանակցում ես, այլ քեզ են «բանակցում», կտոր-կտոր անում և այլն, անհեթեթ է խոսել բանակցությունների մասին: Հայաստանն այսօր բանակցային սեղանի վրա է, այսինքն, այլևս ոչ թե իրավունքի սուբյեկտ է, այլ ուրիշների աշխարհաքաղաքական ախորժակների բավարարման օբյեկտ:

Հա, կարելի է շարունակել անվրդով սուրճ խմել երևանյան որևէ կաֆեում, չնայած դա էլ երկար չի տևի: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, թուրքերի ու ամերիկացիների հետ «հորով-մորով» անի Հայաստանի ոչնչացման նախագիծը, միգուցե դուք էլի կհայտնվեք Երևանյան այդ սրճարանում, բայց... որպես «կենդանի սեղան»: Այսինքն, սրճարանատեր թուրքերը ձեզ «չորս ոտքի վրա» կնստեցնեն, սկուտեղն ու մոխրամանը կդնեն ձեր մեջքին և էդպես, «մլուլ տալով» կոֆե կխմեն: Միգուցե մեկ-մեկ հարցնեն. «Արա, դժգո՞հ ես, որ խաղաղություն է: Գո՞հ ես, դե հլա մի հատ ծափ տուր, արա...»:

Սա է Նիկոլի «խաղաղությունը»:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը