Մեկնաբանություն

09.05.2023 23:41


Պարտության սիմվոլները տեղ չունեն Հաղթանակի օրվա անցուդարձում

Պարտության սիմվոլները տեղ չունեն Հաղթանակի օրվա անցուդարձում

Ավելի զավեշտական ու, միաժամանակ, վիրավորական ու նաև չարագուշակ երևույթ, քան Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայությունն է, հազիվ թե հնարավոր լիներ հորինել: Ու երևի ինքն էլ էր ինչ-որ տեղ հասկանում իր բացարձակ ավելորդությունը Մոսկվայում, այլապես դեմքի նման՝ ժողովրդական խոսքով ասած, բայց անմեջբերելի արտահայտությամբ չէր հայտնվի այնտեղ: Համենայն դեպս, լուսանկարներից հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմքին արտահայտված է տհաճություն, սևակնած է, մռթնած, ինչպես ասում են: Եվ իսկապես, ի՞նչ գործ ունի պարտությամբ հպարտացողը, Հայաստանին ու հայությանը պարտության մատնած աղետաբերը Հաղթանակի տոնակատարության հետ: Որպես ինչացո՞ւ էր նա մեկնել Մոսկվա:

Ի դեպ, Երևանում էլ պակաս զավեշտական ու վիրավորական վիճակ չէր: ՔՊ-ական «վերնախավը»՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի ու նմանօրինակ այլ «բարձրաստիճանների (Քյարամյան, Գրիգորյան Արմեն, Պապիկյան և այլն) Մայր Հայաստանի հուշահամալիրի մոտ, «Հաղթանակ» զբոսայգում, եկել էին Մայիսի 9-ը նշելու: Պետք է ենթադրել, որ նրանք Չավուշօղլուի հետ նախապես համաձայնեցրել էին Հաղթանակի օրվա միջոցառումներին իրենց մասնակցությունը: Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից այն նույն Թուրքիայի, որն առնվազն 1941-43 թվականներին ատամները սրած սպասում էր հարմար պահի (Ստալինգրադի անկմանը), որպեսզի հարձակվի ԽՍՀՄ-ի, առաջին հերթին՝ Հայաստանի վրա, ինչի պատճառով խորհրդային ռազմական ղեկավարությունը հարկադրված էր այստեղ որոշակի քանակությամբ զինուժ տեղաբաշխել: Այն Թուրքիայի, որը, որպես Գերմանիայի դաշնակից, 1945-ին վերջին պահին էլի «պլստաց» վաստակած արժանի հատուցումից:

Իսկ Հայաստանում այսօր ղեկավար հորջորջվողները, գաղտնիք չէ, Թուրքիայի հետ սիլի-բիլի անողներ են, թուրքական շահերի սպասարկողներ, անձինք, որ չեն վիրավորվում, երբ իրենց անվանում են «թո՛ւրք»: Բառ, որ վիրավորական է ցանկացած հայ մարդու, եթե չասվի՝ ցանկացած քաղաքակիրթ մարդու համար: Իսկ ՔՊ-ական «ղեկավարների» համար դա վիրավորական չէ:

Ի դեպ, դատելով լրահոսից, այս անգամ Նիկոլ Փաշինյանի Ալեն Սիմոնյանը ոչ մեկի վրա թիկնապահների միջոցով չի թքել: Չնայած, նրա ու նրա կուսակիցների ներկայությունը նման միջոցառումներին, ինքնին, թքելու պես մի բան է, եթե ոչ՝ ավելի վատ:

Ու այնտեղ Քյարամյանն, օրինակ, անհեթեթություններ է դուրս տալիս, թե Շուշիի անկման համար բոլորն են մեղավոր (դե, իհարկե, բոլորը՝ բացի անմիջականորեն մեղադրանքի ենթակա Նիկոլ Փաշինյանից, նրա ՔՊ-ականներից ու Քյարամյանից):

Ալեն Միմոնյանն էլ ասել է, թե Հաղթանակը բոլորինն է: Ենթադրենք, բայց դու ո՞վ ես:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը, իր մյուս «նիկոլ փաշինյանները»՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Պապիկյան, Քյարամյան և մնացյալք պարտությա՛ն խորհրդանիշներ են, պետության և ժողովրդի գլխին պարտություն և աղետ բերածներ ու բերողներ են, Հայաստանը կտոր-կտոր թուրքին տվողներ են, իրենք ի՞նչ կապ ունեն Մայիսի 9-ի հետ:

Իրենք Մայիսի 9-ը իմաստազրկողներն են:

Պարտության սիմվոլները տեղ չունեն, պիտի տեղ չունենա՛ն Հաղթանակի օրվա անցուդարձում, պիտի «մաքրվեն» Հաղթանակի օրվա միջոցառումներից, որպեսզի երկիրը դադարի ապականվել: Հայաստանը պետք է ազատվի այդ քաղաքական թարախաբշտիկից:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը